Պահանջվում է 19․6 մլն եվրո
Կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին չզեկուցվող հարցն է։
Հայաստանը նախատեսում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավել 19.6 միլիոն եվրո վարկ՝ Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացման նպատակով։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 19.6 միլիոն եվրո վարկ, ինչպես նաև 543 հազար եվրոյի տեխնիկական աջակցության դրամաշնորհ։
Վարկը նախատեսվում է տրամադրել երկու փուլով։ Առաջին՝ 15.6 միլիոն եվրոն ուղղվելու է սահմանային անցակետերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանն ու տեղադրմանը, իսկ երկրորդ՝ նախնական 4 միլիոն եվրոն՝ նոր մաքսային լաբորատորիայի ստեղծմանը։ Ծրագրով նախատեսվում է սահմանային անցման կետերը համալրել ժամանակակից ռենտգեն սարքավորումներով, մաքսային հսկողության ձեռքի սարքերով, նոր կշեռքներով և վերահսկողության այլ տեխնիկական միջոցներով։ Կարդիականացվեն նաև առկա ենթակառուցվածքները։
Բացի այդ, նախատեսվում է ստեղծել նոր մաքսային լաբորատորիա, որի համար ձեռք կբերվեն անհրաժեշտ սարքավորումներ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է նաև մաքսային ընթացակարգերի թվայնացում, բիզնես գործընթացների վերանայում և մասնագիտական տեխնիկական աջակցություն։
Հիմնավորման համաձայն՝ ծրագրի իրականացման ընթացքում ուշադրություն կդարձվի նաև կլիմայական ռիսկերի նվազեցմանը։ Մասնավորապես՝ նախատեսվում են սահմանային անցակետերում ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության լուծումներ, ինչպես նաև էլեկտրական տրանսպորտի լիցքավորման կայանների անվտանգության միջոցառումներ։
Ծրագիրը նախատեսվում է ավարտել առաջին փուլի ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում, իսկ երկրորդ փուլի դեպքում՝ դրա վերաբերյալ պարտավորության ստանձնումից հետո երեք տարվա ընթացքում։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ ծրագրի նպատակն է բարելավել սահմանային վերահսկողության կարողությունները, արդիականացնել մաքսային ենթակառուցվածքները և բարձրացնել մաքսային վարչարարության արդյունավետությունը։
24news.am
