«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանից էլի պաշտոնյա է ազատվել
«Հրապարակ օրաթերթը » գրում է. Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 13-ին որոշել է նոյեմբերի 16-ից համայնքային ենթակայության «Դիլիջանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արամ Սիմոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ համաձայն անձնական դիմումի: Եվ նոյեմբերի 16-ից «Դիլիջանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Լիլիթ Ուլիխանյանին, որը կպաշտոնավարի մինչեւ ՀՈԱԿ ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի կայանալը։ Արամ Սիմոնյանն իր անձնական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Դիլիջանի համայնքապետարանի 4-րդ պաշտոնյան է` ընտրություններից հետո։
Այնպիսի տպավորություն է, որ համայնքապետը պատժում է իր ընտրվելուն չմասնակցած պաշտոնյաներին կամ նրանց է տեղավորում, ովքեր եռանդով աշխատել են իր օգտին: Մինչ Սիմոնյանին ազատելը Դավիթ Սարգսյանի որոշումներով զբաղեցրած պաշտոններից ազատվել էին նաեւ համայնքի ղեկավարի օգնական Աշխեն Ամիրխանյանը, «Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրեն Անահիտ Սահակյանը, «Դիլիջանի գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ տնօրեն Աիդա Ափրոյանը:
