Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան
ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Տիգրան Ավինյանը հերքում է այն պնդումները, թե մայրաքաղաքի երթևեկության խնդիրներն ու խցանումները պայմանավորված են նոր շենքերի կառուցմամբ և շինթույլտվությունների տրամադրմամբ։ Ըստ Ավինյանի՝ խնդիրը մարդկանց եկամուտների աճն է, ինչի հետևանքով նրանք ավելի շատ ավտոմեքենաներ են ձեռք բերում։
Երևանի քաղաքապետը, ըստ էության, փորձում է համոզել, որ շինթույլտվություններն ու նորակառույցները երթևեկության ծանրաբեռնվածության հետ ուղղակի կապ չունեն։ Ավելին՝ նրա տրամաբանությամբ՝ շենքերում մարդիկ ինքնաբերաբար չեն ծնվում, իսկ ավտոկայանատեղիներում մեքենաներ ինքնաբերաբար չեն հայտնվում։
Ստացվում է, որ նորակառույցները որևէ ազդեցություն չունեն քաղաքի փողոցների ծանրաբեռնվածության, բակերի, հանրային տարածքների, կանաչ գոտիների և ընդհանուր ենթակառուցվածքների վրա։
Մինչդեռ, քաղաքային իշխանությունների պարտականությունն է ոչ միայն շինթույլտվություններ տրամադրելը, այլև նախապես գնահատելն ու կանխատեսելը կառուցապատման հետևանքները՝ թույլ չտալով, որ քաղաքը վերածվի քաոտիկ միջավայրի։
Ավինյանն ասում է՝ մեր փողոցները ռեզինից չեն։
Իսկ քաղաքը ռեզինի՞ց է, որ այդքան շինթույլտվություններ եք տրամադրում:
Քաղաքաշինությունը պետք է ենթարկվի քաղաքի զարգացման տրամաբանությանը, ոչ թե քաղաքը հարմարեցվի կառուցապատողների և նրանց շահերին։
Եթե քաղաքային իշխանությունը չի տեսնում կառուցապատման և քաղաքային խնդիրների միջև ակնհայտ կապը, ինչպե՞ս է պատրաստվում լուծել դրանք։
Կամ այս մարդիկ պարզապես չեն տիրապետում քաղաքային կառավարմանը, կամ հետևողականորեն շարունակում են քաղաքականությունը, որի հետևանքով Երևանը կանգնում է քաղաքային կոլապսի առաջ։
Եվ, ինչպես միշտ, մեղավոր են քաղաքացիները։ Այս անգամ՝ ձախողված հանրային տրանսպորտի համակարգի պայմաններում որպես այլընտրանք ավտոմեքենա ձեռք բերելու համար։
Քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնցով այդպես էլ պատշաճ կերպով չեն զբաղվում։
Երևանում շինթույլտվությունները տրամադրվում են առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունն ու հնարավորությունները նախապես գնահատելու։ Արդյունքում վերջին տարիներին հաճախակիացել են հոսանքազրկումներն ու ջրանջատումները։
Մյուս կողմից՝ ունենք հին շենքեր, որոնց հիմքերի ամրության, խողովակաշարերի, ջրագծերի և այլ ենթակառուցվածքների վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
Այս խնդիրները միայն տեսանելի անհարմարություններ չեն, այլև կարող են լուրջ վտանգներ ստեղծել բնակիչների անվտանգության համար։
Իսկ կոյուղաջրերի խնդիրը դարձել է քաղաքի առօրյայի մի մասը․ գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հոսող կոյուղաջրերի, կեղտաջրերի և հակասանիտարական վիճակի։
Տիգրան Ավինյանն իր թիմի հետ միասին չի տիրապետում Երևանի կառավարմանը։ Կոչ եմ անում երևանցիներին չհաշտվել այս իրականության հետ, չլռել և բարձրաձայնել այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց առջև կանգնեցրել են մայրաքաղաքը ոչ կոմպետենտ իշխանությունները։
Ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով քաղաքը վերածվել է մի մեծ քաոտիկ շինհրապարակի։
Հեռացե՛ք, որպեսզի Երևանը վերջապես շնչի»։
