Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար
Իրանը պատրաստ է իր տեխնիկական և ինժեներական ներուժն օգտագործել Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Համիդ Բովարդը։ Նա այս մասին հայտնել է նոյեմբերի 17-ին Թեհրանում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ։
Բովարդը հաստատել է էներգետիկայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու Իրանի պատրաստակամությունը։ Նրա խոսքով՝ կողմերը արդյունավետ բանակցություններ են անցկացրել նավթավերամշակման գործարանի կառուցման գործում իրանական մասնավոր ընկերությունների ներգրավման շուրջ։ Թեհրանը պատրաստ է քննարկել նաև այդ հարցով Հայաստանի առաջարկները։
Իրանը պատրաստ է դիտարկել Հայաստանի հետ գազի մատակարարման ոլորտում համագործակցության նոր ուղղություններ և ուսումնասիրել դրանց տեխնիկական հնարավորությունները։ Բովարդը նշել է, որ Թեհրանը պատրաստ է առանց սահմանափակումների Հայաստան մատակարարել հեղուկացված նավթային գազ, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցմանը։
