Հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
Երեկ՝ նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած քաղաքացու են տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Գայանե Ի․-ն է, ով նոյեմբերի 15-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Արամուս գյուղի «Հատիս» ռեստորանում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ՝ հարազատների ներկայությամբ, հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
