ԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարը
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։
Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացմանը։
Հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 35-ամյակը։ Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ հատկապես տնտեսական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ:
Պատգամավոր Արեգա Հովսեփյանն անդրադարձել է երկու երկրների ռազմավարական գործընկերությանը, խոսել բարեկամական խմբերի փոխգործակցության զարգացման կարևորությունից:
Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական ու բարեկամական հարաբերություններ։ Թ. Արմսթրոնգ Չանգսանի խոսքով Հնդկաստանի և Հայաստանի միջև վերջին տարիներին զարգացել է, մասնավորապես, պաշտպանության ոլորտում գործակցությունը։
Ժողովրդավարության տիրույթում հիմնահարցերի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել Հնդկաստանի իրավական փորձին Սահմանադրության բարեփոխումների սահմանափակումների հետ կապված, ինչպես նաև «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու նախագծին։
Քննարկվել են առողջապահության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր։
