Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ
Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի 28-ից։
Ըստ գործի՝ վերջինիս տիրապետության տակ է եղել 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաճափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ։ Ն.Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Լաչինի շրջանում տեղակայված մարտական դիրքում։ Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։
Միաժամանակ Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։ Ըստ գործի՝ Մուսաևը ՀՀ տարածք ապօրինի ներխուժել է սեպտեմբերի 26-ին՝ ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաճափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։ Ներկայացված մեղադրանքի համաձայն՝ Մուսաևը Սիսիան համայքի Շաքի բնակավայր ներխուժելուց հետո՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել բնակարան, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5.000 ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9.000 ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահաս երեխաները, որոնց Ն.Մուսաևը փաստացի պատանդառել է։
Մասնավորապես, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ «AKM» ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը անչափահասներին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։
Այդ ընթացքում Անի Ավետիսյանը դստեր հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան։ Մեղադրանքից պարզ է դառնում, որ Անի Ավետիսյանի վրա կրակելը ՔԿ-ն գնահատել է ոչ թե սպանության փորձ, այլ՝ առողջությանը վնաս պատճառել, մինչդեռ, Ավետիսյանի հարազատները պատմում են, որ ադրբեջանցին փորձել է կրակել ոչ թե ոտքին, այլ՝ որովայնին։ Այդուհանդերձ, մեղադրաքան եզրակացության համաձայն՝ Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ երեխաների, կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց։ Դրանցից մեկը դիպել է Անի Ավետիսյանի ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վիրավորում, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ այդպիսով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։
Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից։
Հիշեցնենք, որ ադրբեջանցու՝ ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 1-ին։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։ Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ։ Ադրբեջանական կողմն իր հերթին տեղեկացրել էր, որ զինծառայողն անհետացել է սեպտեմբերի 26-ից։
Ադրբեջանցին, որն ապօրինի ներխուժել էր ՀՀ, կիլոմետրեր անարգել շրջել էր ՀՀ ինքնիշխան տարածքում, մուտք գործել ՀՀ քաղաքացու տուն, կրակել տանտիրուհու ոտքերին և մարմնական վնասվածքներ հասցրել նաև նրա երեխաներին։ Կինն ինքն է չեզոքացրել ադրբեջանցուն։ Հանրային դժգոհություններից և բարձրացված աղմուկից հետո դատախազությունը հայտնեց, որ ադրբեջանցու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, առողջությանը զենքի գործադրմամբ վնաս պատճառելու, ապօրինի հրազեն ձեռք բերելու, մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու համար։ Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Պետական մարմինները պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել դեպքի հանգամանքների մասին, թե ինչպես են զարգացել իրադարձությունները, որ երեխաներին պաշտպանելիս մայրը նման ծանր վնասվածք է ստացել։ Դեպքի մասին լայն հանրությունը տեղեկանում է միայն տուժողի հարազատների պատմածներից։ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանն օրերս լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ առաջիկայում նախաքննությունը կարող է ավարտվել, նա ևս առաջ էր քաշում այն վարկածը, թե ադրբեջանցին մոլորվել է, սոված մտել է հայի տուն, որ հաց ուտի։
Թերեւս, հացին զուգահեռ էլ որոշել էր պատանդ վերցնել երեխաներին, սպանել նրանց մորը։
