Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է
Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ընթացքում, որը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, դժվար թե քննարկվեն Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ գագաթնաժողովի ընթացքում, ընդհանուր առմամբ, կանդրադառնան տնտեսությունը որպես զենք օգտագործելու անարդյունավետության թեմային։
«Ընդհանուր առմամբ, միջազգային հարաբերություններում տնտեսությունը որպես զենք օգտագործելու անարդյունավետության թեման, իսկ մեր երկրի և այլ պետությունների դեմ կիրառված պատժամիջոցների իրավիճակը դա ակնհայտորեն ցույց է տվել, այս կամ այն կերպ առաջիկա օրերին կշոշափվի», — Առաջին ալիքին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան երկրներն իրենց պատժամիջոցներով փորձել են խաթարել Ռուսաստանի տնտեսությունը։ Նրա կարծիքով՝ պատժամիջոցները վնաս են հասցնում հենց դրանց նախաձեռնողներին, իսկ Ռուսաստանի դեմ դրանք անարդյունավետ են։
Նոյեմբերի 16-ին Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցանկերը։ Սահմանափակումների տակ են հայտնվել Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը, ռուսական բանկերն ու նավթավերամշակման ձեռնարկությունները։
ԵՄ-ն առանձին որոշմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև լրագրողների, բլոգերների և Սոցիալական նախագծման գործակալության նկատմամբ։
