Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել Համբարձումյան
ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, փաստաբան Միքայել Համբարձումյանը «Հայաստան» դաշինքի հրավերով այսօր մասնակցել է ԱԺ-ում տեղի ունեցած քննարկմանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի և ընդհանրապես՝ անազատության հետ կապված խափանման միջոցների համատարած կիրառման հետ կապված:
Նա նշել է, որ փաստաբան Սերգեյ Հարությունյանի կողմից բարձրաձայնվել է իր պաշտպանյալ Արթուր Վարդանյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, ով պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում:
«Ինչպես հայտնի է՝ ես ղեկավարել եմ քննչական-օպերատիվ խումբը, որը քննել է Արթուր Վարդանյանի և մյուսների վերաբերյալ «Նորքի զինված խումբ» անվանումը ստացած քրեական գործը, հետևաբար, լավ եմ ճանաչում Արթուր Վարդանյանին:
Նա բնավորությամբ կամային անձնավորություն է և եթե այժմ բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ, հետևաբար, անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել, չմատնել անտարբերության կամ ցուցաբերել ձևական մոտեցում, այլապես այս դեպքը ևս կարող է ունենալ անդառնալի հետևանք ու հանգեցնել նորանոր դժգոհությունների և պատասխանատու պաշտոնյաների հրապարակային արդարացումների»,- նշել է Համբարձումյանը։
