Ուղիղ երկխոսություն՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև․ ՌԴ բանակցությունների պատասխանատուն Գալուզինն է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ նշանակվելուց հետո Մոսկվայի և Թբիլիսիի միջև վերականգնվել է ուղիղ երկխոսությունը։
Ռուսական կողմը կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին հայտնում է «Известия» թերթը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։
«Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուսաստանցի գործընկերն արդեն որոշված է․ դա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն է, որը համակարգում է Հարավային Կովկասի ուղղությունը։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերություններ կառուցելու օգտին»։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ բանակցությունների հիմնական ուշադրությունը կենտրոնանալու է գործնական հարցերի վրա, ինչպիսիք են երկու երկրների միջև առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնումը։
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ մատակարարումները դյուրացնելու ուղղությամբ։ Այդ հարցով զբաղվում են Ռուսաստանի և Վրաստանի գյուղատնտեսության ոլորտի համապատասխան գերատեսչությունները։
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչը նշանակվել է 2026 թվականի հոկտեմբերի վերջին։ 2024 թվականի գարնանից այդ պաշտոնը թափուր էր։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հատուկ ներկայացուցչի նշանակումը վկայում է Թբիլիսիի՝ Մոսկվայի հետ ուղիղ երկխոսությունը վերականգնելու մտադրության մասին։ Ըստ գերատեսչության՝ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլին։
