«Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Երանոս բնակավայրի վարչական տարածքում «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեղուկ գազալցակայանում կայանված ու լիցքավորվող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային, ապա հեղուկ գազի լիցքավորման սարքին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով սկսվել է գազի արտահոսք, իսկ գազալցակայանի աշխատակիցը մարմնական վանսվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ վարչության պետ Գարիկ Հակոբյանի և Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի և Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։
Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Մարտունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արթուր Ավագյանի, Մարտունու քննչական բաժնի պետ և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
