Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի դեպի Հրազդան և Ծաղկաձոր տանող ոլորապտույտ հատվածում՝ կամրջի հարևանությամբ, «Jeep», «Opel» և «Gaz-24-10» մակնիշի ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, բախվել են 4 ձիերի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ բախման հետևանքով 3 հոգի, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են՝ տատը, պապն ու թոռը, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլներով տեղափոխվել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներ։ Բախման հետևանքով 4 ձիերն էլ սատկել են։ Պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, վիրավորների և ձիերի տերերի ինքնությունները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավելի քան 17 ժամ է՝ ձիերի մարմիններն ընկած են ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
