Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ։ «Սկոնտո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 0–0 հաշվով։
Հանդիպման արդյունքը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Տրամադրված էինք հաղթելու, եկել էինք այստեղ հաղթելու, չեմ կարող ուրախ լինել։ Բայց այն խնդիրները, որոնք մենք ունեինք, դժգոհ չեմ։ Վնասվածք ստացած ֆուտբոլիստները մեզ շատ–շատ էին պետք, այս երկու խաղերում, առավել ևս գոլ խփող ֆուտբոլիստներ։
Կարողացել էինք ճիշտ ընտրել մարտավարությունը։ Սպասում էինք, որ մրցակիցը վտանգներ կստեղծեր ստանդարտերից, պատրաստ էինք։ Ընդհանուր առմամբ, մեր խաղն ավելի սուր էր, արժանի չէինք մեկ միավորի։ Կվերլուծենք, շատ բան կհասկանանք ու կշարժվենք առաջ։
Չսխալվեցինք Միշիևի հարցում։ Բայց դա մեծ ռիսկ էր, բայց մենք գնացինք դրան։ Եվ ոչ միայն դարպասապահի հարցում․ շատ ռիսկերի ենք գնացել, բայց շատ դեպքերում դարպասապահն ու ֆուտբոլիստները արդարացրել են։ Տխրում եմ, որ ֆուտբոլիստները գալիս են հավաքական առանց պրակտիկայի, իրենցից չեմ դժգոհում, այլ իրավիճակից։ Մենք ինչով կարող ենք օգնում ենք, գնում ենք ռիսկերի։
Բոլորը տեսնում են, որ թիմը ֆուտբոլ է խաղում։ Մի դեպքում որակը, մյուսում՝ փորձը, մյուսում պրակտիկան․․․ համոզված եմ՝ Սպերցյանը լիներ այս խաղերում, կհաղթեինք։ Հուսով եմ, մեր նոր ֆուտբոլիստը (Սարաջյանը, խմբ), MLS-ից, մեզ կօգնի: Որակը պետք ավելացվի, ֆուտբոլիստները խաղաժամանակ ստանան ակումբներում, աճ գրանցեն։ Շատ կարևոր է հավաքականի շուրջ մթնոլորտը, որ հասկանան՝ ինչ իրավիճակում է և էր հավաքականը, ինչ իրավիճակ ստեղծենք՝ հավաքականը ոգին բարձրացնի։ Իմ խնդրանքն է՝ եղեք մեզ հետ, հավատացեք մեզ, մենք լավ թիմ ունենք»,– ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակեց աղյուսակը։
Աղբյուրը՝ Armsport.am:
