Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի
Գազայի հատվածի հիվանդանոցներ վերջին 48 ժամում տեղափոխվել են 16 զոհի մարմին և 68 վիրավոր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 74 695-ի, իսկ վիրավորներինը՝ 176 093-ի։
Գերատեսչության տվյալներով՝ 2025 թվականի հոկտեմբերի 11-ի հրադադարից հետո գրանցվել է 1643 զոհ և 5964 վիրավոր։ Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և դուրս է բերվել զոհվածների ևս 850 մարմին։
Նախարարությունը նաև հայտնել է ուժեղ ցրտի հետևանքով ինն ամսական երեխայի մահվան մասին։ Ցրտից մահացածների ընդհանուր թիվը հասել է 11-ի։ Նախորդ օրը հրապարակված առանձին հաղորդագրությունում գերատեսչությունը պարզաբանել էր, որ սա ընթացիկ ձմռան առաջին նման դեպքն է, իսկ մյուս 10-ը գրանցվել են նախորդ ձմռանը։
Ամփոփագրում նշվում է նաև, որ զոհերի ընդհանուր հաշվառման մեջ ավելացվել է ևս 21 անձի տվյալ՝ անհրաժեշտ տեղեկությունների լրացումից և համապատասխան հանձնաժողովի հաստատումից հետո։ Այս ճշգրտումը վերաբերում է նոյեմբերի 7-ի վերջին նման լրացումից հետո հաստատված տվյալներին։
