«Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարածաշրջանային զարգացումներն այսօր մտել են արմատական փոփոխությունների փուլ, որտեղ աշխարհաքաղաքական հին խաղի կանոնները փլուզվում են։ Մերձավորարևել յան և կովկասյան հանգույցներում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ տասնամյակներով հաստատված հավասարակշռությունը խախտվել է, և փոխվել են անվտանգության այն հիմքերը, որոնց վրա հենված էր տարածաշրջանի կայունությունը։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության են արժանի այն խորքային գործընթացները, որոնց «Փաստ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։
Վերջինս նշում է. «Վերջին երեսուն տարվա ընթացքում Հարավային Կովկասում գործում էր միջազգային հարաբերությունների հստակ համակարգ, որտեղ բոլոր դերերը խիստ բաշխված էին։ Այդ համակարգի առանցքը Ղարաբաղյան կամ Արցախի հարցն էր, որի շուրջ հանդես էին գալիս Հայաստանը, Ադրբեջանը և ժամանակավորապես գոյություն ունեցող Արցախը, որը, ցավոք, հանվեց խաղից հենց հայկական կողմի մատուցմամբ։ Հենց Ղարաբաղյան հարցի առկայությունն էր, որ ապահովում էր Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում»։
Այնուամենայնիվ, հարցի վերացումից հետո իրավիճակն արմատապես փոխվեց։ Գեներալ-մայորն ընդգծում է. «Թուրքիան երկար ժամանակ հանդիսանում էր Ղարաբաղյան հարցի լուծման հիմնական խոչընդոտը, ինչի շնորհիվ էլ անվերապահ ազդեցություն ուներ Ադրբեջանի վրա։ Սակայն երբ Ղարաբաղյան հարցն այլևս չկա, Բաքվում բնական հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է շարունակեն հաշվի նստել Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։ Սա նման է նրան, երբ մեկին լավություն ես անում, իսկ հետո դառնում նրա թշնամին, որովհետև գալիս է այդ «պարտքը» վերադարձնելու պահը»։
Արշակ Կարապետյանն ասում է. «Այսօր Ադրբեջանը ձգտում է ունենալ հեռահար դաշնակիցներ, ինչպիսին Իսրայելն է, քանի որ հասկանում է իր պատմական հիմքերի խոցելիությունը։ Միաժամանակ, Թուրքիայի գործոնի թուլացման հետ զուգընթաց՝ ադրբեջանցիների, հատկապես հավատացյալների շրջանում սկսում է աճել Իրանի ազդեցությունը, ինչին Բաքուն փորձում է հակազդել իսլամական ատրիբուտների սահմանափակմանն ուղղված օրենքներով»։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի միջազգային կշռի կտրուկ անկմանը, Ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքական նշանակությանը և պետականության առջև ծառացած լրջագույն սպառնալիքներին։ Ինչպես նշում է Կարապետյանը. «Ներկայիս ղեկավարության վարած քաղաքականության պատճառով երկիրը դարձել է միջազգայնորեն անհետաքրքիր։ Քանի դեռ կար Ղարաբաղյան հարցը, կար նաև հայկական հարցը միջազգային հարթակներում, և հենց այդ համատեքստում էր, որ բարձրաձայնվում ու ճանաչվում էր Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ եթե Ցեղասպանության ճանաչումն օգտագործվում է որպես քաղաքական գործիք, ցանկացած ցեղասպանություն սարսափելի հանցագործություն է, որը պետք է ճանաչվի՝ անկախ դրդապատճառներից»։
Անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին՝ գեներալ-մայորը հավելում է. «Այսօր, երբ Արցախը չկա, հարցականի տակ է հայտնվել հենց Հայաստանի Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ընդերքը, ճանապարհները և օդային տարածքը։ Աշխարհին այսօր բացատրություն է պետք՝ ինչո՞ւ պետք է Հարավային Կովկասում 2 միլիոնանոց բնակչությունն ունենա անկախ պետություն, մանավանդ որ սահմանակից չորս պետություններից գրեթե բոլորը ատում են հայերին, Իրանը պարզապես հանդուրժում է, իսկ Վրաստանի սահմանակից մուսուլմանական տարածքներում նույնպես բացասական վերաբերմունք է»։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արշակ Կարապետյանն ամփոփում է. «Պատմության մեջ հայ ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության անկախությունն ու հայկական պետականությունն է, որն անհրաժեշտ է ամեն գնով պաշտպանել։ Որպեսզի թույլ չտրվի հայկական պետականության ոչնչացումը, անհրաժեշտ է կանգնել պետականության կողքին»։ Նա վստահեցնում է, որ ինքն առավել քան որևէ մեկը հասկանում է տեղի ունեցող գործընթացները, և միայն իր ուժերը բավական կլինեն հայ ժողովրդին այս ծանր իրավիճակից դուրս բերելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
