Խայտառակ վիճակ է… Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին․ 168.am
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, ով նախկինում 2 անգամ քաղաքական հայացքների պատճառով զրկվել է ազատությունից, ասում է՝ նորմալ երկրներում առհասարակ քաղբանտարկյալներ չեն լինում, որևէ մեկին իր քաղաքական հայացքների համար չեն դատապարտում, ազատությունից չեն զրկում։
Իրավապաշտպանը, ով իր անազատությունն անցկացրել է երկու տարբեր քրեակատարողական հիմնարկներում, փաստում է՝ ՔԿՀ-ներում այսօր սարսափելի իրավիճակ է։
«Ես իմ օրինակով եմ ասում, 2 ամիս առաջ եմ դուրս եկել ՔԿՀ-ից, առողջապահական հարցերի հետ կապված ամբողջովին բարձիթողի վիճակ է։ Եթե նախկինում գոնե դատապարտյալների հիվանդանոց կար և դատապարտյալները հնարավորություն ունեին այնտեղ գնալու, հիմա զուտ բուժմասեր են բացել։
Կրկին իմ օրինակը բերեմ, ունեմ մի քանի խրոնիկ հիվանդություններ, հիպերտոնիա՝ արյան բարձր ճնշում, որը կալանավայրում ամեն օր ֆիքսվել է, ունեմ նաև շաքարային դիաբետ։ Ինձ ուղիղ 20 օր թույլ չեն տվել ընդունելու այն դեղահաբերը՝ ճնշման և շաքարի համար, որոնք ես ընդունում էի մինչև կալանքս և ընդունում եմ նաև այս պահին։ Ունենալով արյան բարձր ճնշում, ինձ ընդամենը 50 օր հետո է սրտաբանը նայել ու ԷԿԳ՝ էլեկտրասրտագրություն արել, դա էլ՝ բողոքների արդյունքում։
Այսինքն՝ 50 օր ես զրկված եմ եղել բուժզննումից, սա էլ այն դեպքում, երբ ամեն օր ինձ մոտ գրանցվել է արյան բարձր ճնշում՝ 200։ Ինձ ուղղակի ներարկում էին անում, որը բարձր ճնշումը կարող էր մեկ ժամ կարգավորել ու վերջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Կարապետ Պողոսյանը՝ խոսելով ՔԿՀ-ներում գրանցվող մահվան դեպքերի և տիրող իրավիճակի մասին՝ հավելելով, որ այս փաստերը ներկայացնում է, որպեսզի բոլորն իմանան՝ կալանավորների նկատմամբ կա վատ ու խտրական վերաբերմունք, առաջին հերթին՝ խտրական վերաբերմունք քաղաքական բանտարկյալների հանդեպ։
Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում իրականում որևէ բան ու որևէ մեկն իր տեղում չէ, քանի որ քրեակատարողական հիմնարկներում ու արդարադատության ոլորտում խայտառակ իրավիճակ է։
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ, ցավոք, մահացավ Արսեն Գևորգյանը, պայմաններն անտանելի են, առհասարակ չի համապատասխանում որևէ ստանդարտի։ Իմ աչքով եմ տեսել, երբ 2024 թվականին գտնվում էի այնտեղ, շատ լավ գիտեմ՝ ինչ է այնտեղ կատարվում ու ինչ վատ պայմաններ են։ Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում օրվա մեջ կալանավորը զբոսնում էր, որը դատապարտյալների համար կարևոր է, բայց «Նուբարաշենում» նույնիսկ այս զբոսանքն էր շատ մեծ խնդիր։ Շենքի ամենաբարձր հարկում, ապակիների տակ էինք քայլում։ Պատկերացրեք, սրտի խնդիրներ ունեցող մարդը, որը պարտադիր պետք է ամեն օր զբոսնի, քայլի, 5 րոպե այդ ապակիների տակ կանգնելուց հետո ուղղակի ինֆարկտ էր ստանում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքին, որ քրեակատարողական հիմնարկներն այս վիճակով ստացել են նախկին իշխանություններից, իրավապաշտպանը նկատեց՝ 8 տարին բավարար ժամանակ էր ամեն ինչ անելու համար։
«Նախկին նախարար Գրիգոր Մինասյանն էլ ասում էր՝ նոր բանտ ենք կառուցելու, կառուցե՞ց, թե՞ եվրոպացիներից բերած գումարներն ուղղակի մսխեցին։
Այս ամենի գլխավոր պատասխանատուն երկրի քաղաքական ղեկավարությունն է, Արդարադատության նախարարը, նաև բացատրություն ունի տալու Առողջապահության նախարարը»,- ընդգծեց Կարապետ Պողոսյանը։
Նշենք, որ երեկ խորհրդարանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ ՔԿՀ-ներում մահվան դեպքերը կրկնապատկվել են, միայն 2025 թվականին գրանցվել է 24 մահ և 8 ինքնասպանության դեպք։
