«Ապրե՛ս, զինվոր»․ Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն դիտողություն արած զինվորին
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը պարգևատրել է այն զինվորին, որը նոյեմբերի 11-ին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը դիտողություն էր արել իրեն և իր օգնականներին՝ Անհայտ զինվորի շիրիմի մոտ լռությունն ու հարգանքը չպահպանելու համար։
ԱՄՆ բանակի զինծառայող Թոմաս Իգլեսիասը հերթապահություն էր իրականացնում Անհայտ զինվորի շիրիմի մոտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ՝ Վետերանների օրվան նվիրված միջոցառումից հետո Հեգսեթն ու նրան ուղեկցող պաշտոնյաները լուսանկարվել էին հուշահամալիրի աստիճաններին։ Այդ ընթացքում նրանցից մեկի բարձր ծիծաղը լսելուց հետո զինվորը պահանջել էր պահպանել լռությունն ու հարգանքը։
«Բոլոր այցելուները պետք է մշտապես պահպանեն լռության և հարգանքի մթնոլորտը»,- հայտարարել էր Իգլեսիասը։
Դեպքի տեսագրությունը տարածվել էր համացանցում և լայն արձագանք ստացել։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելն ավելի վաղ հայտարարել էր, որ զինվորը ճիշտ և հարգալից կերպով բոլորին հիշեցրել է պատշաճ վարքագծի անհրաժեշտության մասին։
Նոյեմբերի 12-ին Հեգսեթը Պենտագոն էր հրավիրել Իգլեսիասին և նրա ծառայակիցներին ու զինվորին հանձնել Համատեղ ծառայության գովասանագրի մեդալը՝ նոյեմբերի 11-ին Անհայտ զինվորի շիրիմի մոտ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու համար։
Հեգսեթը սոցցանցում հրապարակել էր պարգևատրման լուսանկարները՝ գրելով. «Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք կարգապահությունը։ Ապրե՛ս, զինվոր»։
Անհայտ զինվորի շիրիմը համարվում է ԱՄՆ ամենահարգված ռազմական հուշահամալիրներից մեկը։ Այնտեղ ամփոփված են Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների, ինչպես նաև Կորեական պատերազմի անհայտ ամերիկացի զինծառայողների աճյունները։ Շիրիմը շուրջօրյա հսկվում է 1948 թվականից։
