Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել
Հորմուզի նեղուցում երկու գերլցանավ է պայթել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Անցած գիշեր Հորմուզի նեղուցում խախտում իրականացնող երկու լցանավի հետ կապված միջադեպեր են տեղի ունեցել։ Չնայած ԻՀՊԿ ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցում հարավային երթուղու վտանգավորության վերաբերյալ բազմակի նախազգուշացումներին, նավերը շարժվել են չարտոնված երթուղով։ Ուժգին պայթյունի հետևանքով դրանք կանգ են առել», – ասվում է ԻՀՊԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կորպուսը նշել է, որ երկու նավերն էլ սուպերտանկերներ են եղել և ընդհանուր առմամբ տեղափոխել են ավելի քան 4 միլիոն բարել նավթ։Հորմուզի նեղուցը նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների հանգուցային երթուղիներից մեկն է։Նեղուցով նավագնացությունը զգալիորեն սահմանափակվել է փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից ռազմական գործողության սկսվելուց հետո։
Թեհրանը հայտարարել է, որ մտադիր է պահպանել սահմանափակումները մինչև իր պահանջների կատարումը, այդ թվում՝ ամերիկյան շրջափակման և պատժամիջոցների վերացումը։
