Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեսպան, ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մանրամասներ է պատմել ամերիկյան «Օռլանդո Սիթիի» 21-ամյա ֆուտբոլիստ Հարվի Սարաջյանի հետ ծանոթության, նրա խաղային որակների և Հայաստանի ընտրանին ներկայացնելու որոշման մասին։ Մովսիսյանի խոսքով՝ երիտասարդ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը, սակայն Սարաջյանը նախապատվությունը տվել է պատմական հայրենիքին։ Այս մասին գրում է armsport.am-ը։
«ԻնսայդՅԱՆ» տելեգրամյան ալիքի հետ զրույցում Մովսիսյանը նշել է, որ թեև Հարվին հայերեն չի խոսում, նրա ընտանիքում խորապես կապված են հայկական արմատներին։ Ֆուտբոլիստի հայրն ու պապը հայ են, և ազգային պատկանելությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։
Անդրադառնալով նորեկի խաղային բնութագրին՝ ՀՖՖ դեսպանը բարձր է գնահատել նրա արագությունը, տեխնիկական զինանոցն ու ունիվերսալությունը.
«Այս պահին նա հանդես է գալիս կիսապաշտպանությունում՝ գործելով «տասնյակի» կամ վինգերի դիրքում, սակայն ֆիզիկական տվյալները թույլ են տալիս նրան հանգիստ խաղալ նաև կենտրոնական հարձակվողի գոտում։ Կարծում եմ՝ հենց իրեն էլ դուր է գալիս այդ դիրքը։ Ինձ տպավորեց նրա խաղային արագությունն ու այն, թե ինչպես կարողացավ 21 տարեկանում ամրապնդվել MLS-ում։ Սարաջյանն ագրեսիվ, տեխնիկապես պատրաստված և շատ հետաքրքիր ֆուտբոլիստ է, որին մարզիչը, կախված թիմի կարիքներից, կարող է օգտագործել հարձակման տարբեր եզրերում ու կենտրոնում»,— նշել է Մովսիսյանը։
Նախկին հարձակվողն առանձնահատուկ ընդգծել է ԱՄՆ-ի հավաքականի կողմից եղած հետաքրքրության փաստը.
«Որքանով տեղյակ եմ՝ Հարվին ընդգրկված է եղել ԱՄՆ-ի հավաքականի թեկնածուների ցուցակում։ Հստակ չեմ կարող ասել՝ կհրավիրեի՞ն նրան առաջիկա հավաքին, թե ոչ, բայց հաստատ գիտեմ, որ նրա թեկնածությունը դիտարկվել է։ Այդ իսկ պատճառով կրկնակի ուրախ եմ, որ նա ընտրեց Հայաստանը։ Հարվին շատ դրական է տրամադրված, «Օռլանդոյի» կազմում խաղից խաղ առաջընթաց է գրանցում, իսկ միջազգային հանդիպումները նրան էլ ավելի ուժեղ կդարձնեն»։
