Ռուսական գազի թանկացման դեպքում այլընտրանքը դառնալու է Ադրբեջանը, ոչ թե Իրանը. Հակոբ Բադալյան
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրած Վահան Քերոբյանը ասում է, թե՝ եթե ՌԴ–ն թանկացնի գազը, ապա Հայաստանը կարող է այն չսուբսիդավորել՝ թողնել թանկ գինը Գազպրոմի վրա, իսկ դրա փոխարեն գտնել այլ աղբյուրներ, գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
«Այս մարդը հայտնվել էր մի քրեական գործի կենտրոնում։ Ըստ ամենայնի, գտնվել է այն աղբյուրը, որի միջոցով Վահան Քերոբյանը դարձել է «պետականամետ», ինչը տվյալ դեպքում ասոցացվում է պարզապես իշխանամետի հետ։ Ընդ որում այնքան, որ կարծես թե «զորակոչվել» է այն բանակին, որը հանրային կարծիքը փորձում է նախապատրաստել Ադրբեջանից գազ ներկրելու հեռանկարի։
Իհարկե շատերը կարող են ասել, թե այլ աղբյուր կարող է լինել նաեւ Իրանը։ Իրանը չի կարող լինել այլ աղբյուր, որովհետեւ Իրանը Ռուսաստանի հետ ունի համապարփակ ռազմավարական Մեծ պայմանագիր, որը վերաբերում է այդ երկրների խորքային փոխհարաբերությանը։ Իրանը չի գնա մի քայլի, որը համաձայնեցրած չէ Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանը կայացնի Հայաստանի գազը թանկացնելու որոշում։ Իսկ այդ որոշումը կարող է պայմանավորված լինել ռազմավարական գործոններով։ Հետեւաբար, Իրանը չի գնա ՌԴ ռազմավարական որոշումը այսպես ասած արգելափակելու։
Փոխարենը, դրան իհարկե սիրով կգնա Ադրբեջանը, որովհետեւ այդ կերպ մի կողմից կխորացնի Հայաստանի կախվածությունն իրենից, մյուս կողմից պարզապես խաղաքարտ ձեռք կբերի ՌԴ հանդեպ՝ բանակցելով իր համար այլ շահերի օգտին։ Ավելին, ամենեւին քիչ չէ հավանականությունը, որ Ռուսաստանն անգամ կարող է «փոխանցել» Ադրբեջանին իր գազը, որն էլ կվաճառվի Հայաստանին, դրա դիմաց իր հերթին որոշակի պայմանավորվածություններ ակնկալելով Բաքվից։
Այլ կերպ ասած, գործնականում, եթե բանը հասնի այդպիսի կետի, Հայաստանը կդառնա մի օբյեկտ, որի վրա պայմանավորվածություններ կքննարկեն Ռուսաստանը եւ Ադրբեջանը, հնարավոր է նաեւ այլ երրորդ կողմեր։
Չգիտեմ, Վահան Քերոբյանը պատկերացնո՞ւմ է այդ ամենը, թե ոչ, երբ զբաղված է գազի գնի թանկացման հարցում հանրային ուղեղներ լվանալով։ Բայց, բոլոր պարագաներում թերեւս առավել լավ կլինի, որ նա մնա այն բիզնես ակումբի շրջանակում, որի անդամ է, եւ զբաղվեն պարզապես իրենց բիզնեսներով»։
