Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան

Լևոն Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում

Մինչ քննարկվում են Անկախության հռչակագիրն ու Փաշինյանի առաջարկած Սահմանադրության մյուս աղմկահարույց դրույթները, գրեթե աննկատ է մնացել ևս մեկը. երկրի բոլոր դատավորները պետք է ժամանակավորապես հրաժարական տան և անցնեն «մասնագիտական կարողությունների և էթիկայի» ստուգում։ Առաջին հայացքից խոսքը դատական համակարգի հերթական վերափոխման մասին է։ Բայց առաջարկը շատ ավելի հիմնարար հարց է առաջացնում. ինչո՞ւ է իշխանությանը պետք, որ յուրաքանչյուր դատավոր նորից ապացուցի իր՝ պաշտոնում մնալու իրավունքը։ Պատասխանը հասկանալու համար արժե վերադառնալ գրեթե երկուսուկես հազար տարի առաջ։

Ք.ա. 404 թվականին Աթենքի կառավարիչները՝ «Երեսուն բռնակալները» (* ծանոթագրությունը՝ տեքստի վերջում), Կլոր դահլիճ կանչեցին հինգ քաղաքացիների և հրամայեցին բերել Լեոն Սալամինցուն՝ մահապատժի ենթարկելու համար։ Չորսը գնացին Սալամին, հինգերորդը վերադարձավ տուն: Դա Սոկրատեսն էր։ Ավելի ուշ՝ իր դատավարության ժամանակ, նա բացատրեց, որ մահն իրեն ամենևին չէր մտահոգում. կարևորն այն էր, որ ինքը որևէ անարդար կամ անաստված արարք չգործեր։

Երեսունը նման հրամաններ էին տալիս շատերին, որ իրենց հանցագործություններին մասնակից դարձնելով՝ հնարավորինս շատ մարդկանց արատավորեն։ Լեոնին ձերբակալելու համար բռնակալներին հինգ քաղաքացի պետք չէր. սեփական պահակախումբն էլ բավարար էր։ Հինգը նրանց պետք էին այլ բանի համար՝ հանցագործության մեջ ներգրավելու և այդպիսով իրենց հետ կապելու։ Չարիքին չարագործներ պետք չեն, նրան բավական են կատարողները։ Իսկ կատարողը, մեկ անգամ արատավորվելով, իշխանությունից կառչում է ավելի ամուր, քան ցանկացած կողմնակից. իշխանության անկումը նրա համար արդեն կարող է նշանակել անձնական հատուցում։

Այս պատմության կարևորությունը միայն Սոկրատեսի անհնազանդությունը չէ, այլ այն մեխանիզմը, որով իշխանությունն իր որոշումների համար պատասխանատուների շրջանակ է ստեղծում։ Փաշինյանին դատարանն անհրաժեշտ է նույն տրամաբանությամբ՝ ոչ միայն դատավճիռների, այլև դրանց տակ դրված ստորագրությունների համար։ Facebook-ում գրառումների համար յուրաքանչյուր ձերբակալության հետևում ինչ-որ մեկի ստորագրությունն է։ Վերջին օրինակը Արթուր Դանիելյանի ձերբակալությունն է, որը հատկապես աչքի է ընկնում այն ֆոնին, երբ շատ ավելի ծանր գործերով մեղադրյալները շարունակում են մնալ ազատության մեջ։ Որքան շատ են այդպիսի ստորագրությունները, այնքան մեծանում է այն մարդկանց շրջանակը, որոնց համար իշխանափոխությունն անձնական ռիսկ է, և որոնք, հետևաբար, կենսականորեն շահագրգռված են, որ այն տեղի չունենա։

Սակայն այստեղ կա մի էական հակասություն. դատական այդ համակարգը ութ տարի շարունակ կառուցել է հենց Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի դատավորների ճնշող մեծամասնությանը ընտրել է նրա կառավարությունը և հաստատել նրա խորհրդարանը, Բարձրագույն դատական խորհրդի գրեթե ամբողջ կազմը նրա նշանակած մարդիկ են, իսկ երկու տարի այդ խորհուրդը ղեկավարել է նրա նախկին արդարադատության նախարարը։ Նրա իշխանության օրոք համակարգի ֆինանսավորումը կրկնապատկվել է։ Եվ այժմ հենց այդ համակարգն է ներկայացվում որպես «դատական մաֆիա», որը պետք է «արմատախիլ անել» և «ջախջախել»։

Այս հակասությունն ունի երկու հնարավոր բացատրություն։ Կամ նրա կադրային քաղաքականությունն այս ութ տարիների ընթացքում ձախողվել է, և այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու պետք է վստահել նրան ամեն ինչ նորից սկսելու գործընթացը։ Կամ էլ «մաֆիան» պարզապես պիտակ է այն դատական որոշումների համար, որոնք նրան դուր չեն գալիս։

Երկրորդ տարբերակի օգտին է խոսում նաև այն, թե ինչպես է փոխվել Փաշինյանի հռետորաբանությունը՝ կախված դատարանների կայացրած որոշումներից։ Երբ ընտրողները հարցնում էին, թե ինչու «նախկինները» դեռ բանտում չեն, նա բացատրում էր. ժողովուրդն ինձնից է պահանջում, բայց ես չեմ կարող դատավորներին հրահանգներ տալ, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Իսկ երբ դատարանները նրա համար անցանկալի որոշումներ էին կայացնում, նա կոչ էր անում փակել բոլոր դատարանների մուտքերը և պահանջում էր ստուգել դատավորներին՝ «բոլորին՝ առանց բացառության»։ Այդպես էր 2019 թվականին։ 2026 թվականի օգոստոսին ձևակերպումն արդեն այլ էր. «Այո՛, նրանք պետք է նստեն, պետությունը պարտավոր է կատարել ժողովրդի կամքը… Սա ես չեմ ասում, սա ժողովուրդն է ասում»։

Հենց այստեղ է հայտնվում իշխանության և դատարանի հարաբերությունների մյուս առանցքային հարցը. արդյո՞ք «ժողովրդի կամքը» կարող է փոխարինել օրենքին։ Այս հակադրությանը Սոկրատեսը բախվել էր դեռ «Երեսուն բռնակալների» իշխանությունից երկու տարի առաջ։ Ք.ա. 406 թվականին աթենացիները մեկ ընդհանուր քվեարկությամբ որոշեցին դատել այն ստրատեգներին, որոնք հաղթել էին Արգինուսյան կղզիների ճակատամարտում, բայց փոթորկի պատճառով չէին կարողացել փրկել խեղդվողներին։ Երբ նրանց հիշեցրին, որ այդպիսի ընդհանուր դատավարությունն անօրինական է, ամբոխը գոռաց, թե սարսափելի կլինի, եթե ժողովրդին թույլ չտան անել այն, ինչ ցանկանում է։ Ժողովրդական ժողովի նախագահներն այդ ճնշման ներքո տեղի տվեցին՝ բոլորը, բացի Սոկրատեսից։ Նա հայտարարեց, որ գործելու է միայն օրենքի համաձայն։ Վեց ստրատեգներին մահապատժի ենթարկեցին։

«Շուտով աթենացիները զղջացին»,- գրում է Քսենոփոնը, և որոշեցին դատել նրանց, ովքեր խաբել էին ժողովրդին։ Խռովություն հրահրող Կալլիքսենոսը փախավ՝ չսպասելով դատավարությանը, իսկ վերադառնալուց հետո մահացավ սովից՝ բոլորի կողմից արհամարհված:
Այս երկու պատմություններում Սոկրատեսը պաշտպանում էր նույն սկզբունքը. ո՛չ իշխանության հրամանը, ո՛չ մեծամասնության պահանջը չեն կարող վերացնել անձնական պատասխանատվությունն օրենքի առաջ։ Այսօրվա բանավեճում, սակայն, «ժողովրդի կամքը» ներկայացվում է որպես բարոյական հիմնավորում, իսկ դատավորների «ժամանակավոր հրաժարականը» կարող է դառնալ այդ պահանջը կյանքի կոչելու գործիք։

Նման գործիքներ արդեն կիրառվել են Եվրոպայում։ 2012-ին Հունգարիայում և 2018-ին Լեհաստանում անցանկալի դատավորներին անուն առ անուն չէին հեռացնում. իջեցնում էին կենսաթոշակային տարիքը և այդ կերպ միանգամից ազատում դատավորների պաշտոնները։ ԵՄ դատարանը երկու դեպքում էլ արձանագրեց իրավունքի խախտում։ Գերմանիան վերամիավորումից հետո իսկապես ստուգեց ԳԴՀ-ի դատավորներին. Արևելյան Բեռլինում դիմումներ ներկայացրած 370 դատավորներից և դատախազներից պաշտոններին վերադարձան 46-ը։ Սակայն այնտեղ ստուգման առարկան տապալված բռնապետությանը ծառայելն էր։

Փաշինյանն առաջարկում է ստուգել դատավորներին սեփական ութամյա իշխանությունից հետո՝ ընդ որում, դատելով նրա խոսքերից, նաև այն տեսանկյունից, թե որքանով են նրանք պատրաստ «հնազանդորեն կատարել ժողովրդի կամքը»։ Գերմանիայում դատավորներին հեռացնում էին, որովհետև նրանք ծառայել էին տապալված ռեժիմին։ Հայաստանում վտանգ կա, որ դատավորներին կհեռացնեն, որովհետև բավարար չափով չեն ծառայել գործող իշխանությանը։

Հենց այդ վտանգը կանխելու համար են ստեղծվել դատական անկախության երաշխիքները։ Դրանց իմաստը պարզ է. դատավորը պետք է կարողանա որոշում կայացնել նաև իրեն նշանակած իշխանության դեմ։ 1974թ. ԱՄՆ Գերագույն դատարանը միաձայն պարտավորեցրեց Նիքսոնին հրապարակել Ուոթերգեյթի ձայնագրությունները. նրա նշանակած չորս դատավորներից երեքը քվեարկեցին նրա դեմ, իսկ չորրորդը ինքնաբացարկ հայտնեց։ 16 օր անց Նիքսոնը հրաժարական տվեց։ 1952թ. Թրումենը պարտվեց պողպատի գործարանները բռնագրավելու գործով, և նրա դեմ քվեարկեց իր նախկին գլխավոր դատախազ Թոմ Քլարկը, որին անձամբ էր նշանակել դատավոր։

ԱՄՆ-ում դաշնային դատավորների ցմահ պաշտոնավարումն ու նրանց աշխատավարձը կրճատելու արգելքը հենց այս նպատակին են ծառայում՝ ապահովել, որ նշանակումից հետո դատավորը լինի բացարձակ անաչառ և ոչինչ պարտք չլինի իրեն նշանակած անձին։ Իսկ «ժամանակավոր» դատավորը նորից կախված է դառնում իր պաշտոնը պահպանելու որոշումից։ Այսինքն՝ պարտական է մնում իր աթոռի համար։

Բայց դատավորին տրված անկախությունը միայն նրան պաշտպանելու համար չէ. այն նաև անձնական պատասխանատվություն է։ Երբ դատավորն իր ստորագրությամբ օրինական տեսք է տալիս անօրինական որոշմանը, նա այլևս չի կարող թաքնվել հրաման տվողի հետևում։ Սա էր Նյուրնբերգի դատավարությունների կարևոր դասերից մեկը։ 1947-ին այնտեղ դատում էին ոչ միայն գեներալներին, այլ նաև իրավաբաններին։ «Մարդասպանի դաշույնը թաքնված էր իրավաբանի թիկնոցի տակ»,- ասել է մեղադրող Թելֆորդ Թեյլորը։ Նյուրնբերգյան սկզբունքներն ամրագրեցին. հրամանը չի ազատում պատասխանատվությունից, եթե գոյություն է ունեցել գիտակցված ընտրության իրական հնարավորություն։

Հայ դատավորն այդ հնարավորությունն ունի։ Սոկրատեսը վտանգում էր իր կյանքը, այսօրվա դատավորը՝ իր աթոռը։ Ավելին, դատավորը վերադաս չունի. Սահմանադրության համաձայն՝ նա առաջնորդվում է միայն Սահմանադրությամբ, օրենքով և խղճով։ Ուստի նրա շուրթերից հնչող «ինձ հրամայել էին» արտահայտությունն արդարացում չէ, այլ խոստովանություն։ Հաննա Արենդտն այս միտքը ձևակերպել է այսպես. պետք է հարցնել ոչ թե «ինչո՞ւ էիք ենթարկվում», այլ «ինչո՞ւ էիք աջակցում»։

Սակայն անձնական պատասխանատվության սկզբունքը գործում է երկու ուղղությամբ։ «Իշխանափոխությունից հետո բոլորդ պատասխան եք տալու» սպառնալիքն աշխատում է հենց «Երեսուն բռնակալների» տրամաբանությամբ. այն այրում է կամուրջները և դատավորներին ավելի ամուր կապում գործող իշխանությանը։ Բայց նույնքան սխալ է բոլոր դատավորներին նախապես մեկ ամբողջություն համարելը՝ ինչպես Փաշինյանն է անում՝ պահանջելով ստուգել «բոլորին»։

Պատասխանատվությունը չի կարող լինել կոլեկտիվ։ Իրավունքը յուրաքանչյուրից պահանջում է պատասխան տալ իր իսկ ստորագրության համար։ Իսկ ստորագրությունը մնում է, նույնիսկ երբ փոխվում է իշխանությունը։ Փաշինյանն այդ մասին բոլորից լավ գիտի. 2010թ. դատարանը նրան դատապարտեց 7 տարվա ազատազրկման, իսկ 2022թ. Վճռաբեկ դատարանն արդարացրեց նրան։ Հայաստանում կախյալ դատարաններ եղել են նաև նրանից առաջ. նրա իսկ դատավճիռն այդ ապացույցն է։ Բայց դա փաստարկ է նոր կախվածության դեմ, ոչ թե դրա օգտին։

Սոկրատեսը չգիտեր, որ «Երեսունի իշխանությունը» կընկնի ընդամենը մի քանի ամիս անց։ Նա պարզապես տուն վերադարձավ՝ հրաժարվելով կատարել հրամանը։ Պլատոնը նույնիսկ չհիշատակեց այն չորս մարդկանց անունները, որոնք գնացին Սալամին՝ Լեոնին բերելու։ Հինգերորդի անունը գիտի ամբողջ աշխարհը։

Հ.Գ. Դատավորների ապաքաղաքական լինելու մասին խոսքն առավել ուշագրավ է Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին։ «Սահմանադրական դատարանը պետք է լինի ապաքաղաքական, ով որտեղից գա, պետք է լինի երդման ներքո»,- ասել է ՍԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը դեռ մարտին իշխող կուսակցության պատգամավոր էր։ 2019 թ., երբ ղեկավարում էր խորհրդարանի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, նա ձգտում էր հասնել այն ժամանակվա ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը։ Փաստարկն այն էր, որ Հանրապետական կուսակցության նախկին անդամը չի կարող անաչառ լինել։

«Երեսուն բռնակալները» (հին հունարեն՝ οἱ τριάκοντα τύραννοι) մ.թ.ա. 404-403թթ․ Աթենքում իշխած պրո-սպարտական օլիգարխիկ վարչակարգն էր։ Այն հաստատվեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությունից հետո՝ սպարտացի զորավար Լիսանդրոսի ճնշմամբ։ Թեև վարչակարգը գոյատևեց ընդամենը 8 ամիս, այն պատմության մեջ մնաց իր արյունալի ահաբեկչությամբ և դաժանությամբ։
Դրա կառավարման հիմնական գծերն էին․

  • Ահաբեկչություն և մահապատիժներ․ Նրանք մահապատժի ենթարկեցին Աթենքի մոտ 1500 նշանավոր դեմոկրատ քաղաքացիների (բնակչության մոտ 5%-ին)՝ առանց դատավարության։
  • Իրավունքների սահմանափակում․ Ժողովրդավարական ինստիտուտները չեղարկվեցին, իսկ լիարժեք քաղաքացիական իրավունքներ ստացան միայն իրենց հավատարիմ 3000 ընտրյալ անձինք։
  • Գույքի բռնագրավում․ Զանգվածաբար թալանվում և բռնագրավվում էր հարուստ քաղաքացիների և օտարերկրացիների (մետեկների) գույքը»։
դիտվել է 4 անգամ
Լրահոս
Եվրոպան վախենում է, որ դուրս կմնա Ուկրաինայի համաձայնագրից, եթե Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության հասնեն․ Ռուբիո Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որ այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն. Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից «Ուժեղ Հայաստանը» վաղն ակցիա կիրականացնի ԵՄ գրասենյակի դիմաց`«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով Իշխանությունները փոխվում են, ստորագրությունները՝ մնում․Լևոն Զարգարյան Էջմիածնում 15-ամյա աղջիկը դպրոցի մոտ դանակով հարվածել է ընկերուհուն. մանրամասներ դեպքից Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «Lexus»-ն ու թիվ 48 համարի ավտոբուսը Տեսել եմ՝ ինչ շիտակ ու ազնիվ մարդ էր Արսենը. սա աշխարհի վրա չարացած, աշխարհից նեղացած, դժբախտ մարդկանց գործելաոճ է, խղճում եմ ձեր սերունդներին. Գոհար Մելոյան «Ատելության քաղաքականությանը հայելային ատելությամբ, անեծքներով ու մերկ ժխտումով պատասխանելը փակուղի տանող ճանապարհ է»․ Ի՞նչ է առաջարկում Արմեն Աշոտյանը «Արսեն Գևորգյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ Այս իշխանության օրոք կալանքն օգտագործվում է որպես պատժի միջոց․ Ղազինյան Եվրոպայում ստեղծված խնդիրները պարզ լուծումներ չունեն․ Զաքարյան 86 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել Բուլղարիայում․ կան զոհեր և վիրավորներ Էջմիածնում 15-ամյա աղջիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Թիվ 57 մանկապարտեզի փոխտնօրենն ու մեթոդիստը հաճախումների մատյանում ավելացրել են 5 երեխայի տվյալ ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել նույնիսկ Անտարկտիդայում, բայց ոչ Մոսկվայում Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերը՝ խոսքի ազատության սահմանափակման մտահոգությունների կենտրոնում Կալանավայրում Արսեն Գևորգյանի մահը ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ ՀԱՊԿ-ում վաղը կքննարկեն Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը Վայքի ջրամատակարարումը կդադարեցվի Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սրբուհի Գալյանին ասեք՝ լուռ մնա. մարդու կյանքը չի կարող լինել քրեական արդարադատության համակարգի սխալների գինը. փաստաբան Ընդդիմադիր գործիչների նկատմամբ կալանքը որպես ճնշման միջոց կիրառելը դարձել է հաշվեհարդարի գործիք. հայտարարություն Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am