ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված՝ կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող՝ ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
«Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»,- ասվում է հաղորդագրությունում։
