Պայթյուն՝ Փարաքարում. ծուխը նկատելի էր մի քանի կիլոմետրից
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված երկհարկանի տան բնակիչներն ու հարևանները։
Այս պահին ժամանած համայնքային ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները և արդյոք պայթյուն հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից։
