Մեդինսկին և Ումերովը հայտնել են, որ եռակողմ հանդիպման օրակարգում խաղաղության հասնելու ուղիներն են
Աբու Դաբիում ընթացող եռակողմ բանակցություններում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները հայտարարել են, որ հանդիպման ընթացքում աշխատելու են խաղաղությունն ավելի մոտ դարձնելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակութան ղեկավար Վլադիմիր Մեդինսկին եռակողմ հանդիպման բացման ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ին հյուրընկալության համար և ԱՄՆ-ին՝ խաղաղարար ջանքերի համար։
«Հուսով ենք, որ այսօրվա հանդիպումը՝ ներկայացուցչական կազմով, հաշվի առնելով, որ մեր պատվիրակությունն ընդլայնվել է և դարձել ավելի պրոֆեսիոնալ, թույլ կտա մեզ առաջընթաց գրանցել դեպի խաղաղություն՝ ի շահ Ռուսաստանի և Ուկրաինայի ժողովուրդների», – հավելել է նա։
Իսկ ուկրաինական պատվիրակությունը գլխավորող Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտնել է օրակարգի հարցերի մասին։
«Անցել ենք բանակցությունների եռակողմ ձևաչափին՝ Ուկրաինա-ԱՄՆ-Ռուսաստան։ Օրակարգում են ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղության հասնելու առանցքային հարցերը», – Telegram-ի իր ալիքում գրել է նա։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներն իր հերթին հույս է հայտնել, որ եռակողմ բանակցությունները «շատ արդյունավետ» կլինեն։
ՏԱՍՍ-ի թղթակիցն էլ հաղորդում է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը, որը նույնպես Աբու Դաբիում է, «կայուն խաղաղությունը մոտեցնելու» հույս է հայտնել։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները երեքշաբթի մեկնարկել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում և կտևեն երկու օր։
