Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. Արամ Շահնազարյան

Ինքնիշխանության դեգրադացիայի Սահմանադրական արձանագրումը. Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը, գրել է Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը:

«Նոյեմբերի 9-ը հայկական պետականության ռազմավարական սնանկության և սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման ելակետն է։ 44-օրյա պատերազմի աղետալի ելքն ամփոփած փաստաթուղթը, ոչ թե կասեցրեց պետության աշխարհաքաղաքական ու անվտանգային գահավիժումը, այլ գործնականում լեգիտիմացրեց այն կործանարար քաղաքական դոկտրինը, որտեղ միակողմանի ու շարունակական զիջումները աստիճանաբար վերածվեցին պետական քաղաքականության գերակա մեթոդաբանության։ Կապիտուլյացիայից 6 տարի անց այդ նույն զիջողական ընթացքը հասել է իր օրինաչափ, չափազանց վտանգավոր հանգրվանին՝ թիրախավորելով Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական գոյության հիմնասյունը՝ Սահմանադրությունը։ Գործող վարչախմբի կողմից Մայր օրենքի ձևախեղման կամ նոր Սահմանադրության պարտադրման հրատապ օրակարգը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն կուրսի իրավական ձևակերպում և պետական ինքնիշխանության անկման վերջնական ու անդառնալի ամրագրում։

Հասկանալու համար, թե ինչպես հետկապիտուլյացիոն գործընթացները վերաճեցին սահմանադրական ճգնաժամի, հարկ է վերլուծել այն զիջողական դիսկուրսը, որն իշխանությունը որդեգրեց հետպատերազմյան շրջանում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես հետո պաշտոնական Երևանը հրաժարվեց դիմադրության և ինքնապաշտպանության գրեթե բոլոր հնարավորություններից՝ որպես արտաքին քաղաքականության հիմնական դոկտրին ընտրելով «զիջիր, որպեսզի ապրես» կործանարար թեզը։ Միջազգային փորձը սակայն ապացուցել է՝ ագրեսորին բավարարելու քաղաքականությունը (appeasement) երբեք խաղաղության չի հանգեցնում։ 1938 թվականի Մյունխենի համաձայնագրի պատմական փորձը ցույց տվեց, որ պատերազմից խուսափելու նպատակով Նացիստական Գերմանիային Չեխոսլովակիայի Սուդետյան երկրամասը զիջելը ոչ միայն չկանխեց հետագա ագրեսիան, այլև չխոչընդոտեց Գերմանիայի նոր տարածքային նվաճումներին։ Ավելին, ընդամենը մի քանի ամիս անց՝ 1939 թվականի մարտին, գերմանական զորքերը գրավեցին Չեխիայի մնացած տարածքը։ Այս պատմական նախադեպը վկայում է, որ ագրեսորի պահանջներին միակողմանի զիջումները կարող են ոչ թե չեզոքացնել սպառնալիքը, այլ խրախուսել նորանոր ոտնձգությունները։ Հայաստանի գործող իշխանությունների վարած այս նույն քաղաքականությունը երկիրը վերածեց աշխարհաքաղաքական սակարկությունների կամազուրկ օբյեկտի։ Արցախի ամբողջական հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ սողացող օկուպացիան և սահմանազատման ու սահմանագծման անվան տակ իրականացվող միակողմանի տարածքային զիջումները գործնականում ապացուցեցին, որ յուրաքանչյուր նահանջ ոչ թե չեզոքացնում է սպառնալիքը, այլ հակառակորդի համար ստեղծում է նորանոր, էլ ավելի կործանարար առավելապաշտական պահանջներ ներկայացնելու և պարտադրելու քաղաքական նախադեպեր։

Այս խորապատկերում Սահմանադրության փոփոխության շուրջ ծավալվող իշխանական նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե ներքին բարեփոխումների կամ ժողովրդավարական կառուցակարգերի կատարելագործման տիրույթում, այլ որպես արտաքին պարտադրանքի և ուղղակի ճնշման արդյունք։ Բաքվից հնչող բացահայտ սպառնալիքներն ու հայտարարությունները, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի դեռ չի փոխվել նրա Սահմանադրությունը, ուղղակիորեն մատնում են գործընթացի իրական շարժառիթները։ Իշխանությունը, փորձելով հանրությանը համոզել, որ Մայր օրենքի «սրբագրումը» բխում է «Իրական Հայաստանի» շահերից, իրականում գնում է պետական սուբյեկտայնության ինքնակամ կազմաքանդման՝ սեփական քաղաքական վերարտադրությունը պետության կենսական շահերի հաշվին երաշխավորելու համար։ Սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ, երբ պետությունն իր հիմնարար արժեքներից, Անկախության հռչակագրից և ազգային իղձերից հրաժարվում է ոչ թե ներքին հասունացման, այլ հարևան ավտորիտար վարչախմբի թելադրանքով։

Սահմանադրական փոփոխությունների այս օրակարգն իշխանության կողմից ներկայացվում է որպես պետության «կենսունակության» և «անվտանգության» ապահովման միակ միջոց, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է տրամագծորեն հակառակ պատկերը։ Պետության հիմնարար օրենքի ձևախեղումը՝ արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, հարվածում է պետականության լեգիտիմության միջուկին։ Դրանով իսպառ ոչնչացվում է պետության իրավահաջորդության և հիմնադիր հայեցակարգի շարունակականությունը (continuitas), և պետությունը զրկվում է իր պատմական ու բարոյական հենասյուներից։ Այն պահին, երբ Հայաստանը կհրաժարվի իր Սահմանադրության մեջ ամրագրված հիմնարար սկզբունքներից, նա աշխարհին կհայտարարի, որ իր ինքնիշխանությունն այլևս բացարձակ արժեք չէ, այլ աշխարհաքաղաքական սակարկությունների առարկա, որը կարելի է խմբագրել որևէ նոր արտաքին պարտադրանքի կամ սպառնալիքի դեպքում։ Սա հենց ինքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական ամրագրումն է, որտեղ պետության ներքին ինքնիշխան կամքը փոխարինվում է արտաքին ճնշումների առջև ընկրկելու և տեղի տալու կործանարար գործելաոճով։

Այս իրավիճակը հստակորեն բացահայտում է գործող վարչախմբի գաղափարական և ռազմավարական սնանկությունը։ Նրանք չունեն ո՛չ հեռանկարային տեսլական, ո՛չ էլ դիմադրության ներքին ներուժն ու ազգային հավաքական հնարավորությունները համախմբելու կամք։ Պարտվողականության բարդույթն ու կապիտուլյացիոն մտածողությունը դարձել են նրանց գործունեության մշտական ուղեկիցը, ինչի պատճառով նրանք այլևս ունակ չեն արտաքին աշխարհի հետ իրավահավասարության դիրքերից հարաբերվելու։ Միակողմանի զիջումների տրամաբանությունը նրանց տարել է մի փակուղի, որտեղ յուրաքանչյուր հաջորդ քայլ է՛լ ավելի է մոտեցնում պետականության անվտանգային հիմքերի վերջնական փլուզումը։ Իշխանության որդեգրած այս քաղաքական կուրսը Հայաստանին դուրս է մղում միջազգային իրավաքաղաքական գործընթացների տիրույթից՝ երկիրը վերածելով սեփական ճակատագիրը տնօրինելու հնարավորությունից զրկված, կամազուրկ մի կազմավորման, որի կենսական շահերը միջազգային ասպարեզում ազդեցիկ աշխարհաքաղաքական դերակատարների կողմից այլևս հաշվի չեն առնվում։

Պետականության կենսունակության հիմնարար օրենքը փաստում է, որ հարկադրված ու շարունակական նահանջը երբեք չի կարող վերածվել կայունության կամ անվտանգության երաշխիքի։ Սեփական իրավունքների և հիմնարար արժեքների հաշվին արտաքին պահանջների բավարարման որևէ փորձ տրամաբանորեն հանգեցնում է ոչ թե հանգուցալուծման, այլ պետական սուբյեկտայնության համակարգային կազմաքանդման։ Այս հարթությունում խնդիրը դուրս է սովորական իրավիճակային շահերի կամ ներքաղաքական դիմակայության տիրույթից։ Սա պետության գոյության իրավունքի և սեփական ճակատագիրը տնօրինելու ինքնիշխան կամքի պահպանման բացարձակ սահմանագիծն է։ Թույլ տալ պետականության իրավաքաղաքական հիմքերի ձևախեղում արտաքին թելադրանքի ներքո՝ նշանակում է ինքնակամ հրաժարվել սեփական ապագան ինքնուրույն տնօրինելու իրավունքից։ Հայաստանի գոյության և ֆիզիկական անվտանգության երաշխավորումը հնարավոր է բացառապես պետականության հիմնադիր հայեցակարգի վերաիմաստավորման և այնպիսի ռազմավարական դիսկուրսի ձևավորման միջոցով, որտեղ երկրի կենսական շահերը կպաշտպանվեն ոչ թե արտաքին պարտադրանքի ու զիջողականության, այլ սեփական իրավունքների անբեկանելիության և պետական կամքի գերակայության տիրույթում»,-գրել է նա:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Փաշինյանին ծանր ձմեռ է սպասվում․․․ Ռուսաստանի հետ անցավ թշնամության, գոռոցն էլ գցել է․․․ (video) Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար Սահմանադրության փոփոխության տակ իրականում շա՜՜՜տ ավելի վտանգավոր բան է թաքնված․ Դանիելյան (video) Նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. Արամ Շահնազարյան Պլանավորված պարտություն․ օր 44 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Լավ լուր քաղաքացիների համար․ Ավագանու անդամ (video) Ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է նրան կալանավորելու պատվեր տվողը․ Ուժեղ Հայաստան Ալիևն անցնելու է գործողությունների․ դա բերելու է նոր արյ*ն ու․Արման Աբովյան (video) ԶՊՄԿ-ն երկրորդ անգամ հովանավորում է CASE KEY կրթական ծրագիրը Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մեղադրվում է շորթման մեջ․ նախաքննությունն ավարտվել է Ալիևն Արցախում շրջում է Սամվել Կարապետյանի կառուցած հիվանդանոցում, իսկ ՀՀ-ում Կարապետյանն ԱԱԾ-ում է (video) ՔԿ-ից հաստատում են՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը մահացել է Կալանավայրերում ծանր հիվանդություններով մարդիկ են․․․ դիմում եմ Ավանեսյանին, Գալյանին․ Լիլիթ Գալսյան (video) 2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով «Նիկոլն իր տրավմաներից չի ազատվում․վերջը գալու է․ Փաշինյանը հեռանալու է, ու․․․»․ Էլեանորա Մանանդյան (video) Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել․ «Հրապարակ» Անգրագիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․ աղաղակող բացահայտումներ կլինեն (video) Թևանյանին ներկայացվող մեղադրանքը պետք է լրջորեն անհանգստացնի իրական ընդդիմությանը. Արեգնազ Մանուկյան Թբիլիսիում Ալիևի կիսանդրին վնասելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու դատը հետաձգվել է Երևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից Ինչո՞ւ են Եվրոպայում այդքան դժվար արձագանքում աճող բողոքի ցույցերին Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am