Ինչ ունեցվածք ունի Ավանի փոխթաղապետ Արսեն Հովհաննիսյանը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Հովհաննիսյանը շուրջ երեք տասնամյակ աշխատել է պետական տարբեր կառույցներում, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեում և ընդերքի պետական տեսչությունում։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նրա կենսագրությունն ու 2025 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը։
Արսեն Հովհաննիսյանը ծնվել է 1964 թվականի հունիսի 10-ին՝ Երևանում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո աշխատել է որպես մոնտաժնիկ, այնուհետև՝ ՌՍՖՍՀ-ում՝ որպես էլեկտրիկ։ 1993-1997 թվականներին սովորել է Հայկական բաց համալսարանում, զուգահեռաբար ղեկավարել «Օրիոն» ԲԲԸ-ն։ Հետագայում աշխատել է «Չորս» ՍՊԸ-ում և Կադաստրի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2007 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
2014-2017 թվականներին եղել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության բաժնի պետը։ 2018-2019 թվականներին ղեկավարել է Կադաստրի կոմիտեի վերահսկողության վարչությունը։ 2021-2022 թվականներին եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2022 թվականի ապրիլին նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Անշարժ գույք․
ArmLur.am-ը ուսումնասիրեց Հովհաննիսյանի 2025 թվականի հայտարարագիրը և պարզեց, որ պաշտոնյան հայտարարագրել է բնակարան, որի կեսի սեփականատերն է։ Բնակարանը ձեռք է բերվել 2022 թվականի ապրիլի 27-ին՝ ժառանգությամբ։
ArmLur.am-ը պարզեց, որ 2025 թվականի ընթացքում Հովհաննիսյանը նոր անշարժ գույք չի ձեռք բերել և առկա գույք չի օտարել։ Տարվա վերջում նրա հայտարարագրում կրկին առկա է նույն՝ բնակարանի 1/2 բաժինը։
Տրանսպորտային միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև պաշտոնյայի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալները։ Հովհաննիսյանը հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի հոկտեմբերի 21-ին՝ գնման եղանակով։
Բացի այդ, հայտարարագրում նշված է 2006 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որից պաշտոնյան փաստացի օգտվել է տարվա ընթացքում 90 և ավելի օր։ Սակայն հայտարարագրում այդ մեքենայի սեփականատիրոջ տվյալները պաշտպանված են։
Դրամական միջոցներ․
«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2025 թվականի սկզբին Հովհաննիսյանը հայտարարագրել էր 10 մլն դրամ կանխիկ գումար, իսկ տարեվերջին այդ գումարը կազմել է 2 մլն դրամ։ Այսպիսով, մեկ տարվա ընթացքում նրա հայտարարագրած կանխիկ միջոցները նվազել են 8 մլն դրամով։
Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել 341 հազար 951 դրամ 37 լումա, իսկ տարվա վերջում՝ 22 հազար 498 դրամ 44 լումա։ Մեկ այլ բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին զրո է եղել, իսկ տարեվերջին կազմել է 390 հազար 570 դրամ 2 լումա։
Փոխառություններ և վարկեր․
Պաշտոնյան 2025 թվականին «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից ստացել է 19 մլն 500 հազար դրամ վարկ։ Հայտարարագրում նշված է նաև, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 10 մլն 852 հազար 938 դրամ, իսկ վարկի նպատակային նշանակությունը կապված է բնակարանի հետ։
Եկամուտներ և ծախսեր․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականին Հովհաննիսյանի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացած աշխատավարձը կազմել է 8 մլն 323 հազար 300 դրամ։ ՊԵԿ-ից նա ստացել է նաև 1 մլն 28 հազար 710 դրամ եկամտային հարկի վերադարձ։
Հայտարարագրում ստացված վարկի 19 մլն 500 հազար դրամը ևս ներառված է եկամուտների բաժնում։ Այդ բաժնում ներկայացված ընդհանուր գումարը կազմել է 28 մլն 852 հազար 10 դրամ։
ArmLur.am-ը արձանագրեց նաև, որ պաշտոնյան 2025 թվականին անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 8 մլն դրամ։ Այլ՝ հայտարարագրում առանձնացված խոշոր ծախսերի վերաբերյալ տվյալներ ներկայացված չեն»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
