Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը գրել է․
«Պահանջվում է հայկական կողմի արձագանք։
Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը կրկին կոպտորեն խախտել է միջազգային պաշտոնյայի իր մանդատը։
ՍԾՏՀ ԽՎ ղեկավարության անունից պաշտոնական շնորհավորական ուղերձներ հղելով Ադրբեջանի ղեկավարությանը նոյեմբերի 8-ի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի օրվա կապակցությամբ, և ամբողջ կազմակերպության անունից բացահայտ քաղաքական հայտարարություններ անելով՝ նա վարկաբեկում է տարածաշրջանային տնտեսական համագործակցության բուն սկզբունքը։
ՍԾՏՀ ԽՎ-ն միջխորհրդարանական կառույց է, որը կոչված է զարգացնելու տնտեսական երկխոսությունն ու բարիդրացիությունը Սևծովյան տարածաշրջանում, այլ ոչ թե սպասարկելու մեկ երկրի քարոզչական շահերը՝ ի վնաս մեկ այլ հիմնադիր պետության՝ Հայաստանի Հանրապետության։
Անհապաղ հարկ է բարձրացնել այս հարցը պաշտոնական մակարդակով՝ ՍԾՏՀ ԽՎ մշտական մարմիննեևում և վեհաժողովի լիագումար նիստում՝ պահանջելով ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևի հրաժարականը։
Իրավական հիմնավորումները հստակ են և արձանագրված են կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում.
Միջազգային ծառայողի անաչառության սկզբունքի խախտում
Տեխնիկական և գործադիր լիազորությունների գերազանցում.
Կազմակերպության նպատակների և սկզբունքների խաթարում։
Տարածաշրջանային տնտեսական հարթակը ադրբեջանական քարոզչության խոսափողի վերածելը հերթական արտաքին քաղաքական պարտությունն է և Հայաստանի իրական սուբյեկտայնության հերթական կորուստ։
Հրավիրում եմ ընդդիմադիր պատգամավորների ուշադրությունը»։
