Հայկական կողմի հավաստիացումները Իրանին
Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման շրջանակում ամերիկյան զինվորականներ չեն տեղակայվի այդ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ հայկական կողմը նաև հավաստիացրել է, որ նախագծի իրականացումը չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնելու են հայկական ընկերությունները։
«Մեզ ասացին, որ այս նախագծի իրականացումը ոչ մի կերպ չի հանգեցնի տարածաշրջանի սահմանների կամ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի փոփոխության, շինարարական աշխատանքները կիրականացվեն հայկական ընկերությունների կողմից, իսկ ամերիկյան զինվորականները չեն տեղակայվի այդ տարածքում»,- ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը չի կարող անտեսել օտարերկրյա ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հնարավոր ապակառուցողական գործողությունների ռիսկերը։
