Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելուց առաջ պետք է հանրաքվե անցկացնի․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու նախաձեռնությունը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անորոշ գաղափարը առաջ մղելու համար։
Դիվանագետի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը հանրաքվեի անցկացումն է, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտի իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- նշել է Պանկինը։
Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի։
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Պանկինը նշել է, որ զեկույցում ներկայացված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով։
«Դրա իրականացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով պատրաստ կլինի փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մտահոգությունները»,- ասել է նա։
Միաժամանակ Պանկինը հայտնել է, որ այս հարցով Մոսկվան առայժմ Երևանից կառուցողական ազդակներ չի ստացել։
