Ալիևը կրկին խոսել է 44-օրյա պատերազմում հաղթանակի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։
Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ցուցաբերել են հերոսություն և քաջություն, իսկ հայկական կողմը, նրա խոսքով, պարտություն է կրել մարտի դաշտում։
«Մեր զինծառայողների կյանքի և արյան գնով, նրանց հերոսության շնորհիվ կարողացանք վերջ դնել հայկական օկուպացիային։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հերոսություն, քաջություն, հայրենասիրություն և անձնազոհություն։ Թշնամու մեջքը կոտրվեց մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են ավելի քան 300 քաղաք և գյուղ, իսկ Շուշիի գրավումը, իր բնորոշմամբ, կանխորոշել է պատերազմի ելքը։ Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել կապիտուլյացիայի ակտ ստորագրել։
