Բաղրամյան պողոտայից միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ նշված վայրում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով «Skoda» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա է արնանման հետքեր, իսկ «Skoda»-ից մոտ 30 մետր հեռավորության վրա համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Չհասկացանք, թե ինչ էր կատարվում, բայց տեսանք, որ երիտասարդ մի տղայի, ում պարանոցի հատվածից արյուն էր հոսում և նրան առաջինը օգնության հասան Լեմկինի փողոցում գործող «Opera Suite hotel»-ի աշխատակիցները և լավ էր բավականին արագ, կարելի է ասել 2-3 րոպեում շտապօգնության բժիշկները ժամանեցին ու այդ տղային նախ առաջին բուժօգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց։ Թե ինչն էր պատճառը, ով էր, դա դեռ չգիտենք։ Դա երևի ոստիկաններն ու քննիչները կպարզեն։ Մի բան հաստատ է, եթե շտապօգնությունը մի քիչ ուշանար՝ հնարավոր է վիրավորի կյանքը փրկել չհաջողվեր»։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Լևոն Անթանոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, ինչպես նաև վիրավորի, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
