Դատախազները չեն ներկայացել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործով նիստին
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և վեց բարձրաստիճան հոգևորականների գործով նիստը հետաձգվել է, քանի որ մեղադրող կողմը չի ներկայացել դատարան։ Հիշեցնենք, որ գործին մասնակցում են մի քանի դատախազներ։
Ամենայն Հայոց կաթողիկոսը և 6 եպիսկոպոսներ մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։ Ըստ մեղադրող կողմի ձևակերպման՝ «Գարեգին II Ներսիսյանը, հանդիսանալով «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության Գերագույն հոգևոր խորհրդի նախագահը, օգտագործելով իր պաշտոնեական լիազորությունները, խոչընդոտել է օրինական ուժի մեջ մտած մեկ այլ դատական ակտի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման կատարմանը։
2026 թվականի հունվարի 15-ին Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին 2026 թվականի հունվարի 10-ի թիվ 02 հայրապետական կարգադրությունը՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում հայցվորի հետագա վերականգնմամբ։
Մեղադրյալների թվում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Հոկտեմբերին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Դատարանը եզրակացրել է, որ վեճը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, քանի որ Սարոյանի և Հայ Առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ։ Սա իրավական հիմքեր է ստեղծում Ամենայն Հայոց կաթողիկոսին և մյուս հոգևորականներին արդարացնելու կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։
