Փողոց դուրս գալը պետք է լինի հստակ հաշվարկով. Լեւոն Քոչարյան
Փողոցային պայքարը պետք է հիմնված լինի ոչ թե հույզերի, այլ ճշգրիտ հաշվարկի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։ Նա զրուցել է դատարանի շենքի մոտ, որտեղ շարունակվում է նախկին նախագահի մասնակցությամբ դատավարությունը։
Լևոն Քոչարյանը կարևորել է ընդդիմության ներկայացուցիչների՝ նախորդ օրը կայացած հանդիպումը՝ նշելով, որ, չնայած տարաձայնություններին, հաջողվել է ընդհանուր մոտեցում ձևավորել և համաձայնության գալ չորս կետի շուրջ։ Նրա խոսքով՝ հաջողության հասնել հնարավոր է, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Պատգամավորն ընդգծել է, որ մի բան է թղթի վրա համաձայնության գալը, մեկ այլ բան՝ գործնական քայլեր ձեռնարկելը, հավելելով, որ դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությունը։
Մեկնաբանելով վարչապետի արձագանքը՝ պատգամավորը նշել է, որ փորձ է արվում ծաղրել, անլուրջ վերաբերմունք ցուցաբերել և տպավորություն ստեղծել, թե որևէ վտանգ չեն տեսնում։ «Բայց նրանց գործողությունները հակառակն են վկայում։ Եթե չես վախենում, վտանգ չես զգում, ինչո՞ւ ես հակաժողովրդավարական քայլերի դիմում, բոլորին կալանավորում։ Այսօր կալանավորված են երեք քաղաքական ուժերի առաջնորդներ, որոնք միասին ավելի քան կես միլիոն ձայն են ստացել։ Մի՞թե սրանք չվախեցող և վտանգ չտեսնող մարդու քայլեր են։ Իրականում նա շատ է վախենում թե՛ համախմբումից, թե՛ փողոցից, որովհետև հասկանում է, թե ինչ է արել, և որ պատիժն անխուսափելի է»,– ընդգծել է Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք փողոցային պայքար լինելու է, Լևոն Քոչարյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ կլինի, իսկ թե երբ և ինչպես՝ ճշգրիտ հաշվարկ է պահանջում։ Դա չպետք է հույզերի վրա հիմնված լինի։ Մենք չենք խուսափել փողոցային պայքարից, օրինակներ կան։ Ցավոք, դա ցանկալի արդյունք չի տվել։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է այնպես անել, որ արդյունքի հասնենք»։
Պատգամավորը դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք իշխանությունների գործողությունները նպատակ ունեն ընդդիմությանը «համոզելու» համաձայնել իշխանությունների առաջարկած Սահմանադրության տարբերակի ընդունմանը։ «Նա (Փաշինյանը) իր արշինով է չափում։ Եթե իր հետ այդպես վարվեին, անմիջապես կկոտրվեր։ Բայց նրա հաշվարկները սխալ են։ Հատկապես հիմա՝ Սամվել Կարապետյանի կրկնակի կալանավորումից հետո, կարելի է ասել, որ նրանց չի հաջողվել ԱԺ-ում ընդդիմությունից որևէ մեկին իրենց կողմը գրավել։ Սա լավ է, և չեմ տեսնում, որ նրա ռեպրեսիվ քայլերը հաջողությամբ պսակված լինեն»,– նշել է Լևոն Քոչարյանը։
