Թուրքիան չի ընդունում Եվրահանձնաժողովի զեկույցում ներկայացված քննադատությունները
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չի ընդունում Եվրահանձնաժողովի՝ 2026 թվականի ընդլայնման փաթեթի շրջանակներում հրապարակված զեկույցում երկրի հասցեին հնչեցված քննադատությունները՝ փաստաթուղթը որակելով կողմնակալ և անարդար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ զեկույցը ևս մեկ անգամ արտացոլում է Եվրամիության կողմնակալ մոտեցումը Թուրքիայի նկատմամբ։
«Մենք չենք ընդունում զեկույցում տեղ գտած անհիմն պնդումները, հատկապես քաղաքական չափանիշներին, դատական համակարգին և հիմնարար իրավունքներին վերաբերող հատվածներում»,– ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Եվրամիության որոշ ներկայացուցիչների գնահատականներն արտացոլում են կանխակալ մոտեցումներ և չեն համապատասխանում իրականությանը։ Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Անկարան քննադատել է զեկույցում Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության դիրքորոշումներին ցուցաբերված աջակցությունը՝ այն որակելով միջազգային իրավունքին և Եվրամիության սկզբունքներին չհամապատասխանող մոտեցում։
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը չի կարող նպաստել Կիպրոսի հիմնախնդրի կարգավորմանը, քանի դեռ անվերապահորեն աջակցում է կիպրահունական կողմի դիրքորոշմանը։
Գերատեսչությունը նաև չի ընդունել Արևելյան Միջերկրականի վերաբերյալ զեկույցում ներկայացված գնահատականները՝ պնդելով, որ դրանք հակասում են միջազգային իրավունքին և արդարության սկզբունքին։ Անկարան անհիմն է համարել նաև Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի իրավական ուժը կասկածի տակ դնող մոտեցումները։
Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ուշադրություն է հրավիրել զեկույցում երկրի տնտեսական և դրամավարկային քաղաքականության ոլորտներում արձանագրված առաջընթացի վերաբերյալ գնահատականների վրա։
Թուրքական կողմը կարևորել է Եվրամիության հետ համագործակցության զարգացումը, մասնավորապես՝ առևտրի, մատակարարման շղթաների, տրանսպորտի, պաշտպանության և անվտանգության ոլորտներում։
Անկարան ընդգծել է, որ Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները պետք է կառուցվեն երկարաժամկետ ռազմավարական տեսլականի, այլ ոչ թե նեղ քաղաքական հաշվարկների և միակողմանի մոտեցումների հիման վրա։
«Թուրքիան պատրաստ է զարգացնել հարաբերությունները փոխադարձ վստահության, համագործակցության և արդարության սկզբունքներով՝ հիմնվելով գործընկերության իրավական շրջանակի և փոխադարձ պարտավորությունների վրա»,-նշվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
