Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից
Իրանը Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի նավերին ազատել է Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից, հայտարարել է երկրի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամիր Հայաթ Մոգադդամը։ «
Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը։
«Մենք ներկայում Հնդկաստանին, Չինաստանին, Իրաքին և Կատարին ազատել ենք Հորմուզի նեղուցում գործող տարանցման սահմանափակումներից։ Այդ երկրների նավերն ազատորեն անցնում են, և ամերիկացիները նույնպես չեն խոչընդոտում դրանց ընթացքը», – ասել է նա։
Մոգադդամը նշել է, որ այս բացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերից։Նա հավելել է, որ Թեհրանը նպաստում է հնդկական նավերի անցմանը՝ հնարավորություն ընձեռելով Իրանին Հնդկաստանից դեղամիջոցներ ներկրել։
Պաշտոնյան ընդգծել է, որ չինական նավերի համար արվող բացառությունը նպատակ ունի ապահովելու Պեկինի քաղաքական աջակցությունը:
Մոգադդամի խոսքով՝ Իրանը տարանցման վճար է գանձել հնդկական և չինական նավերից, սակայն թույլ է տվել Կատարի նավերին անցնել առանց վճարի:
Իրաքը նախկինում ազատվել էր նեղուցով բեռնափոխադրումների իրանական սահմանափակումներից:
Ապրիլին իրաքյան նավթատար նավերը վերսկսել էին անցումը ջրային ուղով, երբ Թեհրանը հայտարարել էր, որ սահմանափակումները չեն տարածվելու իրաքյան բեռնափոխադրումների վրա:
Իրանի և Օմանի միջև գտնվող Հորմուզի նեղուցն աշխարհի կարևորագույն նավագնացային ուղիներից մեկն է, որով Պարսից ծոցի երկրներից մեծ քանակությամբ նավթ և գազ է տեղափոխվում միջազգային շուկաներ:
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո Թեհրանն արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։
