ԱՄՆ-ում ընտրողների որոշման վրա ազդել է սոցիալ-տնտեսական իրավիճակը. Վերլուծաբան
Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը նախնական արդյունքներով հավակնում է ԱՄՆ Կոնգրեսում տեղերի մեծամասնությունը ստանալ։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ, ըստ նախնական արդյունքների, դեմոկրատները վերադարձնում են իրենց մեծամասնությունը Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ. «Կարծում եմ՝ դեռ իրադարձությունների հետագա ընթացքին հետևենք։ Ամբողջական պատկերը դեռ պարզ չէ, թե ստույգ ինչպիսի հարաբերակցություն է լինելու դեմոկրատների և հանրապետականների միջև, և հետո, թե դա ինչ դրսևորումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներսում, ինչպես նաև արտաքին քաղաքականությունում։ Այստեղ պատկերը, մեղմ ասած, միարժեք չէ»։
Ըստ Բադալյանի՝ որքան էլ ԱՄՆ-ում քաղաքական պայքարը շարունակվում է ավանդաբար երկկուսակցական մեխանիզմի տրամաբանության շրջանակում, այդուհանդերձ աշխարհակարգում այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում և այն զարգացումները, որոնք բերում են համաշխարհային հարաբերությունների մեխանիզմի փլուզման, ենթադրում են նաև ավանդական մեխանիզմների անկենսունակություն՝ առանձին վերցրած գերտերություններում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
«Ի վերջո, հենց դա է, որ բերել և բերում է Նահանգների արտաքին քաղաքական փոփոխությունների։ Հիմա պետք է տեսնենք, թե ներսում հանրապետականներն ու դեմոկրատներն ինչ հարաբերակցությամբ են գործելու։ Կասկած չկա, որ ինչ-որ հարցերում պայմանավորվելու են, իսկ որոշ հարցերում նրանց միջև լինելու է հակադրություն։ Պետք է նկատի ունենալ, որ սրանք միջանկյալ ընտրություններ են և միջանկյալ հանգրվան են 2028 թվականի նախագահական ընտրության դիրքավորման համար և հաշվարկներն ուղղված են լինելու հենց այդ թիրախին»։
Դիտարկմանը՝ ինչո՞ւ նման արդյունք եղավ, արդյո՞ք ԱՄՆ-ում Թրամփին այդքան չեն վստահում, որքան՝ ԱՄՆ-ից դուրս, վերլուծաբանը նկատեց. «Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ-ում ընտրողն առաջնորդվում է քաղաքական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքով, քան՝ անձերի։ Հատկապես, երբ խոսքը Կոնգրեսի ընտրության մասին է։ Դրանից բացի, այլ գործոններ էլ կան, հիմնականում շարքային ընտրողը կողմնորոշվում է սոցիալ-տնտեսական վիճակով։ Իսկ սոցիալ-տնտեսական վիճակն ԱՄՆ-ում չի բարելավվել, հակառակը՝ Իրանի պատերազմից հետո այնտեղ գնաճ ենք տեսնում։ Այդ իմաստով սա առանցքային ազդեցություն է ունեցել այն հանգամանքի վրա, որ հանրապետականները չկարողացան պահել Կոնգրեսի երկու պալատների մեծամասնությունը։ Սա առանցքայինն էր։ Սակայն, ես այն կարծիքին եմ, որ Նահանգների ներսում տեղի է ունենում տնտեսական համակարգի որոշակի վերափոխման ավելի խորքային պրոցես և այստեղ ավանդական երկկուսակցական համակարգի տողատակերում իրավիճակը շատ ավելի բարդ, հարաբերական ու բազմաշերտ է»։
