Ինչ է հայտնել Շաքի մտած ադրբեջանցու «պաշտպան» ՔԿ նախագահը
Սպանելու դիտավորություն չի ունեցել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հարցին։
«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ, մյուս օրը ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։
Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»,– նշել է Արթուր Պողոսյանը։
Միաժամանակ ՔԿ նախագահը ներկայացրել է տղամարդուն մեղսագրվող արարքները՝ նշելով, որ նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։
«Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,– ասել է նա։
