Հայրենասիրության մասին՝ հրապարակավ, քաղաքացիության մասին՝ միայն գրավոր համաձայնությա՞մբ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսում է հայրենասիրությունից, մինչդեռ նրա՝ ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ պարզ հարցը մնում է առանց պաշտոնական պատասխանի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մելիքյանը հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու պահին ՀՀ քաղաքացի չի եղել։ Խմբագրությունը դիմել էր ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ պարզելու՝ այժմ ունի՞ ՀՀ քաղաքացիություն, իսկ եթե չունի՝ դիմե՞լ է այն ստանալու համար և ի՞նչ փուլում է դիմումի քննարկումը։
Ծառայությունից ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունը։ Քաղաքացիության շնորհման վարչության պետ Սևակ Պետրոսյանի ստորագրությամբ պատասխանում վկայակոչվել են քաղաքացիության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ օրենսդրական դրույթները։ Գերատեսչությունը պահանջել է ներկայացնել Մելիքյանի գրավոր համաձայնությունը և անձը հաստատող փաստաթուղթը։ Այսպիսով՝ պաշտոնական պատասխանը չի պարզաբանում նրա քաղաքացիության կարգավիճակը։
Խմբագրության տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիություն չունեն նաև Մելիքյանի երեխաները, այդ պատճառով բանակում չեն էլ ծառայել։ Այս տեղեկությունը ևս պաշտոնապես հաստատված չէ, իսկ նրանց քաղաքացիության ընտրության համար պարզաբանում տալու հասցեատերը նախևառաջ ընտանիքն է։ Մելիքյանը, սակայն, չի պարզաբանում իրեն և որդիներին առնչվող հարցը, ինչի հետևանքով հանրային պատասխանատվություն կրող մարզչին ուղղված հարցը մնում է՝ հայրենասիրության մասին հայտարարությունների կողքին ի՞նչ տեղ ունի Հայաստանի հետ սեփական իրավական կապն ամրագրելու որոշումը։
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ նա շարունակում է կամ ինչ-որ ժամանակ առնվազն պահպանել է Ուկրաինայի և ՌԴ-ի քաղաքացիությունը: Ի դեպ, ուկրաինական օրենսդրությունն արգելում է երկքաղաքացիությունը:
Իհարկե, ՀՀ քաղաքացիությունն ինքնին հայրենասիրության վկայական չէ։ Բայց հայրենասիրությունը հանրային խոսքի առանցք դարձնող գործիչը պետք է պատրաստ լինի նաև իր ընտրությունների մասին ուղիղ հարցերին։ Մելիքյանը կարող է անձամբ պարզաբանել՝ ունի՞ ՀՀ քաղաքացիություն, ե՞րբ է ստացել կամ դիմե՞լ է այն ստանալու համար։ Այդ պարզ պատասխանը շատ ավելի համոզիչ կլինի, քան թեմայի շուրջ շարունակվող լռությունը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
