Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ
ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում՝ Legion Field մարզադաշտի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս ութը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ Magic City Classic ամենամյա ֆուտբոլային խաղից հետո, հայտնել է տեղի ոստիկանությունը։
Բիրմինգհեմի ոստիկանապետ Մայքլ Փիքեթը պատմել է, որ հրաձգության պահին հանդիսատեսների և ընտանիքների մեծ մասն արդեն հեռացել էր մարզադաշտի տարածքից։ Կրակոցները հնչել են մոտակայքում՝ Գրեյմոնթ պողոտայում, որտեղ տեղակայվել էին փողոցային առևտրականները։
Տեղի ունեցածի հանգամանքները դեռ պարզված չեն։ Ոստիկանության ներկայացուցիչ Դե'Ռել Ֆրիմանը հայտնել է, որ մեկ մարդ ձերբակալվել և հարցաքննության նպատակով տեղափոխվել է ոստիկանության վարչություն։ Իրավապահները նաև հայտնաբերել և առգրավել են մի քանի միավոր հրազեն։
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը և պարզում, թե ինչ է նախորդել հրաձգությանը։
