ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է։ Դաշնային դատավորը նրան արդեն դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Հետաքննությամբ պարզվել է, որ նա կազմակերպել էր առողջապահական խարդախության 45 միլիոն դոլարի մի սխեմա. տարիներ շարունակ Medicare-ից գումար էր ստանում կեղծ և ավելորդ բոտոքսի պրոցեդուրաների համար, որպեսզի ֆինանսավորի իր շռայլ կյանքը: Այս մասին հայտնում է Blognews-ը։
Մայիլյանը Գլենդելում տնօրինում էր «Healthy Way Medical Center» կլինիկան, որն ներկայանում էր որպես կոսմետիկ բուժումներ մատուցող հաստատություն: Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ Medicare-ը բոտոքսի ներարկումների համար փոխհատուցում է տրամադրում միայն այն դեպքում, երբ դրանք կլինիկապես փաստաթղթավորված են և առաջնային բժշկի կողմից ուղեգրված՝ քրոնիկ միգրենի բուժման նպատակով: Մայիլյանն սակայն հաշիվներ էր ներկայացնում հազարավոր ներարկումների համար, որոնք կա՛մ կոսմետիկ էին, կա՛մ առանց ուղեգրի, կա՛մ ընդհանրապես երբեք չէին կատարվել:
Դաշնային տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ Medicare-ը բոտոքսի ներարկումների համար երկրում ոչ մի այլ բժշկի այդքան չի վճարել, որքան նրան՝ չորս տարվա ընթացքում ավելի քան 24 միլիոն դոլար:
Ապացույցները ցույց տվեցին, որ Մայիլյանը ավելի քան 19 միլիոն դոլարի հաշիվ էր ներկայացրել այնպիսի օրերի համար, երբ իր կլինիկան փակ էր: Հաճախ հաշիվներ էր ուղարկում հանգստի ժամանակ՝ Կաբոյից, Մաուիից, Լաս Վեգասից, Փենսիլվանիայից և Նյու Յորքից: Կաբոյի ճամփորդություններից մեկի ժամանակ, մինչ լողափում հանգստանում էր, Medicare-ին ներկայացրել էր ավելի քան 200 հազար դոլարի հաշիվ Կալիֆորնիայում իբր կատարված պրոցեդուրաների համար: Արդարադատության նախարարության հրապարակած լուսանկարներից մեկը, որ նա այդ օրը Կաբոյից ուղարկել էր իր հեռախոսով, նույն օրն է, երբ նա Medicare-ին 34․560 դոլարի հաշիվ էր ներկայացրել Գլենդելում իբր մատուցված ծառայությունների համար:
Բժշկական քարտերի վրա կեղծել էր նաև շահառուների ստորագրությունները, այդ թվում՝ մի հիվանդի, որն այն օրերին, երբ իբր բուժվում էր, դաշնային բանտում էր պատիժ կրում:
Գողացված գումարներով նա գնել էր Tesla Model X և Tesla Cybertruck, չորս անշարժ գույք Սերֆսայդում և Գլենդելում, 3000 դոլար արժողությամբ նկար և 12․000 դոլար արժողությամբ՝ 17-րդ դարի անտիկ աղեղնազեն՝ արբալետ:
15 տարվա ազատազրկմանը զուգահեռ դատարանը հրամայել է բռնագանձել ավելի քան 16 միլիոն դոլարի անշարժ գույք, բանկային միջոցներ և բրոքերային հաշիվներ, ինչպես նաև պարտադիր փոխհատուցման կարգով վճարել 3․2904049 դոլար:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
