Գերմանիայի 34 քաղաքներում երիտասարդները բողոքի ցույցերի են դուրս եկել ընդդեմ զորակոչի և գների աճի
Գերմանիայում շաբաթ օրը տասնյակ քաղաքներում երիտասարդական բողոքի ցույցեր են անցկացվում։ Մասնակիցները պահանջում են ավելացնել դպրոցների և հոգեբանական օգնության ֆինանսավորումը, միջոցներ ձեռնարկել կյանքի թանկացման դեմ և խստացնել ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակումները, հաղորդել է dpa-ն։
Նրանք նաև դեմ են պարտադիր զինվորական ծառայության ներդրմանը և պետական վերահսկողության ընդլայնմանը։
Ակցիաները կազմակերպել է վերջերս ստեղծված Gen Z regelt («Z սերունդը գործն իր ձեռքն է վերցնում») նախաձեռնությունը, որը խաղաղ ցույցերի կոչ էր արել ավելի քան 30 քաղաքներում։ Կազմակերպիչների տվյալներով՝ մինչև տեղի ժամանակով ժամը 14:00-ին ակցիաների մեկնարկը նախաձեռնության կայքում ավելի քան 182 հազար մարդ հայտնել էր բողոքի ցույցերին մասնակցելու մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, առանձին քաղաքների իշխանություններին ներկայացված՝ մասնակիցների սպասվող թվի պաշտոնական գնահատականները զգալիորեն ավելի ցածր են։ Ցույցեր էին գրանցվել 34 քաղաքներում։
Բեռլինում՝ Բրանդենբուրգյան դարպասների մոտ, ոստիկանության գնահատմամբ, հավաքվել էր մոտ 650 մարդ։ Մյունխենում ակցիայի մեկնարկին ներկա էր մոտ հազար մասնակից։ Մայնի Ֆրանկֆուրտում ոստիկանությունը Եվրոպական կենտրոնական բանկի շենքի մոտ հաշվել էր ավելի քան 1,5 հազար ցուցարար, իսկ Մայնցում՝ մոտ 1,2 հազար։ Ակցիաներ են անցկացվում նաև Նյուրնբերգում, Դրեզդենում, Լայպցիգում և այլ քաղաքներում։ Մի շարք վայրերում ցույցերի սկզբում իրավիճակը մնում էր հանգիստ։
Հնարավոր բախումների մտավախությունների ֆոնին իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Որոշ քաղաքներում փողոցներ են դուրս բերվել հարյուրավոր ոստիկաններ, իսկ Համբուրգում նախատեսվում էր դիտարկման համար անօդաչու թռչող սարքեր օգտագործել։ Որոշ խանութներ, հատկապես խոշոր քաղաքների թանկ արժեցող առևտրային փողոցներում, նախապես փայտե վահաններով փակել էին ցուցափեղկերը։ Այդուհանդերձ, առևտրի կետերի մի մասը չէր աշխատում Ռեֆորմացիայի օրվա տոնակատարության պատճառով։
Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշնային իշխանությունները բռնության կոչերի կամ անկարգություններ կազմակերպելու ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հետախուզական տվյալներ չունեն։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ փողոց դուրս գալու կոչերին արձագանքել են նաև ձախ ծայրահեղական շարժման առանձին խմբերի ներկայացուցիչներ և օտարերկրյա պետությունների հետ կապված ծայրահեղական խմբերի որոշ անդամներ։
Կազմակերպիչները մերժել են բռնության ցանկացած ձև և մասնակիցներին կոչ արել ցույցերին զենք ու ապակյա իրեր չբերել, ինչպես նաև խուսափել ոստիկանության նկատմամբ սադրանքներից։ Միաժամանակ, նրանք քննադատել են հնարավոր անկարգությունների նկատմամբ սևեռված ուշադրությունը՝ հայտարարելով, որ դա շեղում է այն խնդիրներից, որոնք երիտասարդները փորձում են հասցնել իշխանություններին։
Gen Z regelt նախաձեռնությունը ստեղծվել է ընդամենը մի քանի շաբաթ առաջ։ Կենտրոնական համակարգող թիմը բաղկացած է 30 հոգուց։ Թեև շարժումը տեղեկություններ է հրապարակում 34 քաղաքներում անցկացվող ակցիաների մասին, ցույցերի բովանդակության և կազմակերպման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել է միայն չորս քաղաքներում՝ Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում և Քյոլնում։
