«Շերեմետևո» օդանավակայանի մոտ ԱԹՍ-ի բեկորներն են ընկել, հրդեհ է սկսվել․ դադարեցվել է չվերթների սպասարկումը
Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որը, ենթադրաբար, խփված անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) բեկորների հետևանք է։ Ուկրաինական և ռուսական տելեգրամյան ալիքները հրապարակել են տեսանյութեր և լուսանկարներ։
Ըստ առկա տեղեկությունների, հրդեհը տեղի է ունեցել օդանավակայանի մոտակայքում գտնվող «Ռոսնեֆտ»-ին պատկանող նավթամբարում։
Դեպքից կարճ ժամանակ առաջ Շերեմետևոյի տարածքում հայտարարվել է օդային հարվածի մասին նախազգուշացում։
Տարածքում ԱԹՍ-ի վթարի, հնարավոր վնասների կամ զոհերի մասին պաշտոնական հաղորդագրություններ չկան։
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների սպասարկումը։
Նշվում է, որ օդանավակայանում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։
Ըստ պարզաբանման՝ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
