Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի
Իրանի գերագույն առաջնորդ և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլա Մոջթաբա Խամենեին հրամանատարության հետ խորհրդակցության ընթացքում հանձնարարել է երկրին սպառնալիքների առաջացման դեպքում պատրաստ լինել գործողությունների ցանկացած վայրում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Մոջթաբա Խամենեին թշնամիների առավելագույն զսպման առանցքային բաղադրիչներից է համարել խելամիտ մարտական պատրաստականությունը՝ սահմանելով, որ անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ արձագանքել ցանկացած սպառնալիքի՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։Խորհրդակցությանը մասնակցել են Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին, Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Ահմադ Վահիդին։
Ռազմական ղեկավարները գերագույն առաջնորդին զեկուցել են Պարսից ծոցի ափամերձ հատվածում, Հորմուզի նեղուցի և Օմանի ծոցի շրջանում, ինչպես նաև երկրի հյուսիս-արևմտյան և հարավ-արևելյան սահմաններին զինված ուժերի մարտական պատրաստականության մասին։ Նրանք նաև տեղեկություններ են ներկայացրել ռազմական արտադրության, սպառազինության և հետախուզական կարողությունների վիճակի վերաբերյալ։
Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ Իրանի դեմ նոր հարձակման դեպքում միայն իրանցի զինվորականները կորոշեն, թե երբ կավարտվի դիմակայությունը։ Որոշվել է հասանելիության տիրույթում պահել հակառակորդների բոլոր տեսակի նյութական և ոչ նյութական ակտիվները։ Նաև խոսվել է տեղեկատվական համակարգերի ամրապնդման, ռազմական դոկտրինի ու մարտավարության կատարելագործման և նոր տեխնոլոգիաների ներդրման մասին։
Ավելի վաղ ամերիկյան MS NOW հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները Պարսից ծոցի դաշնակիցներին տեղեկացրել են նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Իրանի նկատմամբ դարձյալ գրոհ ձեռնարկելու հնարավորության մասին։
Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով անցկացնել երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների հանդիպում։
