Երևանում կայացած COP17-ում շուրջ 50 որոշում է ընդունվել
Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում։ Այս մասին COP17-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշեց анՄաթևոսյանը` հավելելով, որ ձեռք բերված արդյունքները գերազանցել են նախնական սպասելիքները։
«Խոսքը նաև այն հարցերի մասին է, որոնց հաստատմանն ու ընդունմանը երկար ժամանակ սպասում էին, որոնց ուղղությամբ բազմաթիվ փորձեր էին արվել, և որոնց վրա հսկայական ռեսուրսներ էին ծախսվել։ Պատկերացրեք՝ լիովին հնարավոր էր, որ այդ հարցերն այդպես էլ չհաստատվեին»,- ասաց Մաթևոսյանը։
Համաժողովի նախագահի խոսքով` աշխատանքների ընթացքում բազմաթիվ գործընթացներ են իրականացվել, որոնք տեսանելի չեն հանրությանը։ Մաթևոսյանը, անդրադառնալով կենսաբազմազանության պահպանությանն ու այդ ուղղությամբ ընդունված որոշումներին, նշեց, որ քննարկված բոլոր հարցերն այս կամ այն կերպ առնչվում են կենսաբազմազանությանը։
«Եթե քննարկում ենք բյուջետային հարցերը, որոնք, հավանաբար, հանրության համար ամենաքիչ հետաքրքրություն ներկայացնող թեմաներից են, միևնույն է, դրանք նույնպես ծառայում են կենսաբազմազանության պահպանության նպատակին։ Դրանք անհրաժեշտ են համապատասխան կառույցների արդյունավետ գործունեությունն ապահովելու համար»,- հավելեց նախարարը։
Նշենք նաև, որ COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը հյուրընկալող երկիր։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում էր Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։
