«Հրապարակ»․ Պինգ-պոնգի մասնագետը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հակասությունների ու զավեշտի մեջ ենք ապրում: Մեկ տարի, մեկ ամիս, մեկ շաբաթ առաջ ասված խոսքը, ձեռնարկված քայլը մեկ էլ պարզվում է` «ուժը կորցրել է» այլեւս, դարձել առոչինչ: Ոչ մի խոստում ու նախագիծ իր ավարտին չի հասցվում մեզանում, ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը իր խոստումները չկատարելուց այլեւս չի ամաչում: Ոչինչ հրաժարականի եւ ներողություն հայցելու պատճառ չի դառնում: Ահա` մի ամբողջ արտաքին գործերի նախարար հայտարարում է, որ Ադրբեջանը մեզնից չի պահանջում Սահմանադրությունը փոխել, բայց եթե չփոխենք, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրի: Իր ղեկավարը` Նիկոլ Փաշինյանը, ավելի միանշանակ է ասում՝ եթե չփոխենք Սահմանադրությունը, չկատարենք Ադրբեջանի պահանջները, պատերազմ կլինի: Նույնիսկ չի թաքցնում, որ մենք միակողմանիորեն ենք հրաժարվել մեր պահանջներից: Ասում է` խաղաղության փաստաթուղթը պինգ-պոնգի սկզբունքով տեւական ժամանակ փոխանցում էինք իրար` մենք մեր պահանջներն էինք առաջ քաշում, իրենք` իրենցը, ինչ-որ պահից որոշեցինք պինգ-պոնգից հրաժարվել:
Այսինքն, մեր պահանջներից հրաժարվեցինք եւ համաձայնեցինք ադրբեջանական պահանջների հետ: Եթե ավելի խորանանք ու հետ գնանք` հազարավոր նման պինգպոնգներից հրաժարվելու դեպքեր կհայտնաբերենք: Օրինակ, ժամանակին հստակ հայտարարում էր, որ անկլավներ չկան, դրանց իրավական հիմքերը բացակայում են, հետո այս պինգ-պոնգից հրաժարվեց: Ասում էր` եթե չկա Լաչինի միջանցքը, չի կարող լինել Մեղրիի միջանցք, սրանից էլ հրաժարվեց, ուղղակի խորամանկորեն Մեղրիի միջանցքի անունը ԹՐԻՓՓ դրեց: Ասում էր` Արցախի պատճառով մենք պատանդ ենք եղել, չենք զարգացել, Արցախը չլինի` ազատ ու ծաղկուն կապրենք: Պարզվեց` դա էլ էր սուտ, բլեֆ: Արցախը տալը մեզ խաղաղություն ու երջանկություն չբերեց»:
Արմինե Օհանյան
«Հրապարակ» օրաթերթ
