Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին
Ալիևի վարչակազմն արգելում է մեր մուտքն Ադրբեջան այն պատճառով, որ մենք հանդես ենք գալիս անարդարության դեմ։ Ինչո՞ւ Թուրքիայից ձայն չի հնչում այս անօրինականության դեմ։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի՝ իշխող կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն։
«Միևնույն ժամանակ Իսրայելի նախագահ Հերցոգի համար Թուրքիայի տարածքով այց է կազմակերպվում Ադրբեջան։ Նրան ընդունում են արարողակարգային ամենաբարձր մակարդակով։ Այդուհանդերձ, Թուրքիայի կառավարությունը շարունակում է անտարբերություն դրսևորել Ադրբեջանում ժողովրդի ճնշման և Պաղեստինում ցեղասպանության վերաբերյալ մեր քննադատության նկատմամբ։
Երկակի չափանիշներն անթույլատրելի են, երբ խոսքը մարդու իրավունքների մասին է։ Մենք պետք է պաշտպանենք անարդարությունից տուժողների իրավունքները՝ անկախ նրանց անձից, երկրից կամ քաղաքական հայացքներից։ Դա է մեր պայքարի էությունը։ Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի կառավարությունը պաշտպանի արդարությունն ու հավասարությունը, այլ ոչ թե լռի անարդարության առջև։ Եթե չեք կարող դա անել, հրաժարակա՛ն տվեք»,- նշել է Գերգերլիօղլուն։
Մեկ այլ գրառման մեջ նա գրել է. «Բռնապետ Ալիևը ճնշում է սեփական ժողովրդին։ Գիտե՞ք՝ որքան են վաստակում բանվորները։ Նրանք աշխատում են շաբաթական 60 ժամ, բայց ստանում են 400 մանաթ, այսինքն՝ 200 դոլար։ Եվ այս ամենն արվում է, որպեսզի Ալիևի վարչակարգը կարողանա շարունակել իր գոյությունը։ Ես ընդդիմանում եմ ճնշող առաջնորդին, ես ճնշված ադրբեջանական ժողովրդի կողքին եմ։ Նրանց մաղթում եմ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և ազատություններ»,- նշել է թուրք պատգամավորը։
