Վստահ եմ՝ դատական հեռանկար չունեցող այս գործում շուտով արդարացումներ կլսեք. Արծվիկ Մինասյանը՝ եղբոր քրգործի մասին
գրեթե համոզված եմ դրանում, Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Լևոն Լևոնյանի հարցին, որը վերաբերում էր Մինասյանի եղբորը՝ ԵՊՀ Պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանին առնչվող քրեական գործին:
«Ինչպե՞ս եք վերաբերվում նմանատիպ կոռուպցիոն սկանդալներին, քանի որ նաև Ձեր հարազատ եղբայրն է տվյալ անձը: Արդյո՞ք դա չի ազդելու Ձեր անաչառությանը՝ հետագա հավանական պաշտոնավարման ժամանակ»,-հետաքրքրվել է Լևոնյանը՝ նկատի ունենալով այն, որ ԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել Արծվիկ Մինասյանին:
Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասել է, որ այն, ինչ փորձ է արվում հրապարակային ներկայացվել, իրականության հետ բացարձակ կապ չունի:
«Կան բազմաթիվ ինֆորմացիաներ, որոնք նախաքննական գաղտնիք են և ես այս ամբիոնից չեմ կարող հրապարակավ ներկայացնել: Դրանց տիրապետում եմ այն հանգամանքից ելնելով, որ փաստաբանական թիմի հետ ակտիվորեն ներգրավված եմ և ոչ միայն այս, նաև այլ դրվագներով:
Ասեմ, որ ինձ էլ է այդպիսի մեղադրանք ներկայացված և ակնկալում եմ շուտով ստանալ արդարադատության այնպիսի վճիռ, որը արդարացման վճիռ կլինի, և ես պարզ ճակատով, բաց աչքերով իմ խոսքերի տերը կլինեմ»-նշել է նա:
