Որ այդքան առողջ և ուժեղ տղա ես, բանակ գնայիր․․․
Նարեկ Բաբայանի զինվորական ծառայությունից ազատվելու մասին հանրությանը հասանելի բաց աղբյուրներում որևէ տեղեկություն չկա։ Առողջական խնդիրների պատճառով բանակից ազատված լինելու վարկածն էլ, մեղմ ասած, հարցեր է առաջացնում։ Որովհետև երեկ Ազգային ժողովում նրա ցուցադրած «հերոսամարտը», ֆիզիկական ակտիվությունն ու մարտական ոգևորությունը բավական համոզիչ ապացույց էին, որ երիտասարդը վատառողջ մարդու տպավորություն չի թողնում։ Ընդհակառակը՝ ցուցադրած եռանդը, ուժն ու էներգիան կարող էին շատ ավելի օգտակար լինել ոչ թե խորհրդարանի միջանցքներում, այլ սահմանների պաշտպանության գործում։
Իհարկե, զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքերը, եթե դրանք առողջական են, բժշկական գաղտնիք են և անձնական տվյալների պաշտպանության ներքո են։
Հետևաբար այդ տեղեկությունները հնարավոր չէ ստանալ առանց համապատասխան իրավական հիմքի։ Քանի դեռ պատգամավորը կամ նրա քաղաքական թիմը հրապարակային պարզաբանում չեն տվել, բանակում չծառայելու ստույգ պատճառը մնալու է անհայտ։ Լրատվամիջոցի պաշտոնական հարցմանն էլ Ազգային ժողովը կամ ՊՆ-ն, լավագույն դեպքում, կարող են պատասխանել, թե ազատվել է օրենքի այսինչ հոդվածի համաձայն՝ առանց բժշկական կամ անձնական մանրամասներ բացահայտելու։
Բայց երեկվա խորհրդարանական «մենամարտից» հետո հարցն արդեն միայն անձնական կենսագրության կամ հետաքրքրասիրության շրջանակում չէ։ Սա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Եթե մարդը պատգամավոր է, եթե հանրության առաջ այդպիսի մարտական կեցվածք է ընդունում, ապա հանրությունն էլ իրավունք ունի հարցնելու՝ ինչո՞ւ այդքան առողջ, ուժեղ ու մարտական ոգով երիտասարդը չի ծառայել բանակում։ Ինչո՞ւ իր ֆիզիկական կարողություններն ու ուժը չի ծառայեցրել հայրենիքի պաշտպանությանը։
Այլևս դժվար է հանրությանը համոզել, թե երեկվա «հերոսը» ֆիզիկապես անկարող է եղել զինվորական ծառայություն անցնելու։ Իհարկե, արտաքինից առողջ երևալը դեռ չի նշանակում, որ մարդը բժշկական առումով պիտանի է եղել ծառայության։ Բայց հենց այդ կասկածները փարատելու համար էլ պարզաբանում է անհրաժեշտ։
Ուստի երկու տարբերակ կա։ Նորաթուխ պատգամավորը կարող է անձամբ հրապարակել բանակում չծառայելու իրավական հիմքը՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով համապատասխան փաստաթուղթը։ Կամ նրա երեկվա «հերոսամարտով» այդքան ոգևորված Նիկոլ Փաշինյանը կարող է հանդես գալ պարզաբանմամբ։
Հակառակ դեպքում հանրության հարցը մնալու է նույնը, և այն ավելի ու ավելի բարձր է հնչելու.
Որ այդքան առողջ, ուժեղ ու մարտական տղա ես, բանակ գնայիր․․․ Խորհրդարանի միջանցքը սահման չէ։
Սպասում ենք պարզաբանմանը։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
