Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Օլիմպիան» Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում ուժերը չափեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հետ, տեղեկանում ենք ArmSport.am-ից։
Հանդիպումը բավականին լարված և դրամատիկ ընթացք ունեցավ։ Խաղի հաշիվը բացվեց 15-րդ րոպեին, երբ «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալիունե Նդուրն անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոց հարվածը։
Սակայն «Օլիմպիան» չհանձնվեց և արդեն 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը․ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գիլյերմե Օլիվեյրա Ժեզուսը (1:1)։ Երկրորդ խաղակեսում՝ 72-րդ րոպեին, հյուրերը հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացան, սակայն դուբլ ձևակերպելու շանս ունեցող Ալիունե Նդուրն այս անգամ վրիպեց 11-մետրանոց նշակետից՝ հարվածելով բավականին շեղ։
Հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, և պայքարը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ արդեն վճռորոշ եղավ գործող չեմպիոնի փորձն ու խաղային բարձր կարգը։
Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին (105+3′) Բենին առաջ մղեց «Արարատ-Արմենիային»։
115-րդ րոպեին Մաքսենս Կարլիեն ամրապնդեց իր թիմի առավելությունը, իսկ 119-րդ րոպեին Կառլոս Ֆրանսան վերջակետ դրեց հանդիպմանը՝ ձևակերպելով վերջնական 4:1 հաշիվը։
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճեց Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի մյուս խաղերում «Վանը» հաղթել էր «Գանձասարին» (2:1), «Փյունիկը» ջախջախել էր «Արարատին» (6:2), «Ալաշկերտը»՝ ԲԿՄԱ-ին (4:0), իսկ «Շիրակը»՝ «Լեռնային Արցախին» (7:1): «Միկան» հետխաղային 11-մետրանոցներով 5։3 հաշվով առավելության էր հասել «Արարատի Արաքսի» նկատմամբ, իսկ «Անդրանիկը» 2:3 հաշվով զիջել էր «Ուրարտուին»։
1/8 եզրափակիչի վերջին խաղում «Սյունիքը» կմրցի «Նոայի» հետ։ Հանդիպման մեկնարկը 19։00-ին է։
