Պատմական հիշողության nչնչացnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի տնօրեն Լազարյա Էլունդու Ասոմոյին և նույն կենտրոնի փոխտնօրեն Ջյոտի Հոսագրահարին են ուղարկվել մանրամասն տեղեկատվություն և փաստական նյութեր՝ 2020 թվականի պատերազմից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման արձանագրված դեպքերի վերաբերյալ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակից հայտնում է, որ ներկայացված նյութերում փաստագրվել և համակարգվել են Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հիմնախնդիրները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հայկական եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, գերեզմանոցների, հուշահամալիրների և պատմական հիշողության այլ կարևոր վկայությունների նկատմամբ իրականացված գործողություններին։
«Նյութերի ներկայացման նպատակն է միջազգային մասնագիտական և իրավասու կառույցների ուշադրությունը հրավիրել Արցախի մշակութային ժառանգության առջև ծառացած շարունակական վտանգների վրա, նպաստել արձանագրված դեպքերի պատշաճ ուսումնասիրությանը և հասնել մշակութային արժեքների պահպանությանն ուղղված կոնկրետ ու արդյունավետ միջոցների ձեռնարկմանը։
Միջազգային հանրության լռությունը չի կարող արդարացնել մշակութային ժառանգության ոչնչացումը
Արցախի մշակութային ժառանգության դեմ իրականացվող գործողությունների շարունակականությունը լուրջ հարցեր է առաջացնում միջազգային կազմակերպությունների՝ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու պատրաստակամության, հետևողականության և արդյունավետության վերաբերյալ։
Չնայած մշակութային ժառանգության պաշտպանության կարևորության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին՝ միջազգային կառույցների արձագանքը հաճախ չի ուղեկցվում այնպիսի հրատապ, գործնական և արդյունավետ միջոցներով, որոնք կարող են կանխել պատմամշակութային արժեքների անդառնալի կորուստը։
Միջազգային կազմակերպությունների առաքելությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն արտահայտելով, հայտարարություններ տարածելով կամ մշակութային ժառանգության պաշտպանության համընդհանուր սկզբունքները վերահաստատելով։ Այդ սկզբունքները գործնական նշանակություն են ձեռք բերում միայն այն ժամանակ, երբ դրանց հետևում կանգնած են հետևողական վերահսկողություն, անկախ մասնագիտական ուսումնասիրություններ, կանխարգելիչ գործողություններ և իրավական պատասխանատվության ապահովմանն ուղղված միջոցներ։
Հայտարարություններն առանց գործողությունների չեն կարող փոխարինել պատասխանատվությանը
Երբ մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ պատմական ինքնության խեղաթյուրման վերաբերյալ ահազանգերը չեն հանգեցնում համարժեք վերահսկողության, անկախ փաստահավաք առաքելությունների, շարունակական մշտադիտարկման և կանխարգելիչ միջոցառումների, հիմնավոր հարցեր են առաջանում միջազգային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության վերաբերյալ։
Միջազգային անգործությունը և անպատժելիության վտանգը
Միջազգային կազմակերպությունների արձագանքի անբավարարությունը, ուշացած միջամտությունը և գործնական քայլերի պակասը կարող են ծանր ու անդառնալի հետևանքներ ունենալ Արցախի մշակութային ժառանգության համար։ Երբ վտանգված հուշարձանների պահպանության ուղղությամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվում, յուրաքանչյուր ուշացում մեծացնում է պատմական վկայությունների վերջնական կորստի հավանականությունը։
Ավելին՝ միջազգային կառույցների շարունակական պասիվությունը կարող է նպաստել անպատժելիության մթնոլորտի ամրապնդմանը՝ ստեղծելով այնպիսի պայմաններ, որոնցում մշակութային արժեքների ոչնչացումը, դրանց պատմական պատկանելության ժխտումը կամ ինքնության խեղաթյուրումը կարող են շարունակվել առանց բավարար կանխարգելման և պատշաճ իրավական գնահատականի։
Այն իրավիճակում, երբ վտանգի մասին տեղեկությունները հասանելի են, իսկ մշակութային արժեքների կորուստը կարող է անդառնալի լինել, անգործությունն այլևս չի կարող դիտարկվել որպես պարզապես չեզոք դիրքորոշում։
Միջազգային կառույցների պատասխանատվության հարցը պետք է դիտարկվի ոչ միայն նրանց հրապարակային հայտարարությունների, այլև իրենց իրավասությունների և ստանձնած պարտավորությունների շրջանակում ձեռնարկված կամ չձեռնարկված կոնկրետ քայլերի համատեքստում։
Հանրային հայտարարություններն ու ընդհանուր բնույթի կոչերը չեն կարող համարվել բավարար արձագանք, երբ վտանգված են հուշարձաններ, որոնք հազարամյակների պատմության, ժողովրդի ինքնության, հոգևոր ժառանգության և պատմական հիշողության անփոխարինելի վկայություններ են։
Ի՞նչ արժեք ունեն մշակութային ժառանգության պաշտպանության մասին միջազգային հռչակված սկզբունքները, եթե դրանց գործնական կիրառումը չի ապահովում վտանգված արժեքների արդյունավետ պաշտպանությունը։
Այս հարցը պահանջում է հստակ պատասխան՝ ոչ թե հերթական ընդհանուր հայտարարության, այլ փաստերի ուսումնասիրության, պատասխանատու կառույցների հաշվետվողականության և իրական արդյունքների միջոցով։
Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն հայկական պատմական հիշողության պահպանության խնդիր չէ։ Այն համամարդկային մշակութային արժեքների, ժողովուրդների պատմական ինքնության, կրոնական և մշակութային բազմազանության ու համաշխարհային ժառանգության պաշտպանության հրամայական է։
Պատմամշակութային հուշարձանների ոչնչացումը կամ դրանց պատմական ինքնության խեղաթյուրումը վնաս է հասցնում ոչ միայն տվյալ ժողովրդի ժառանգությանը, այլև մարդկության ընդհանուր պատմական հիշողությանը։
Հետևաբար, միջազգային հանրության պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել մտահոգություն հայտնելով կամ մշակութային արժեքների պահպանության կարևորությունը վերահաստատելով։ Այն ենթադրում է հետևողական վերահսկողություն, անկախ փաստահավաք աշխատանք, մասնագիտական գնահատականներ, իրավական մեխանիզմների կիրառում և անհրաժեշտ միջոցների ձեռնարկում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ իրավասու կառույցների գործունեության արդյունավետությունը պետք է գնահատվի նաև այն հարցով, թե որքանով են նրանց գործողություններն իրականում նպաստում վտանգված մշակութային արժեքների պահպանությանը և կանխում դրանց անդառնալի կորուստը։
Անհրաժեշտ է անհապաղ անցնել հայտարարություններից դեպի հստակ գործողությունների
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին և միջազգային այլ իրավասու կառույցներին՝
Իրականացնել անկախ և շարունակական մշտադիտարկում՝ Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների ներկայիս վիճակը գնահատելու և փոփոխությունները փաստագրելու նպատակով։
Ապահովել անկախ մասնագիտական առաքելությունների մուտքը համապատասխան տարածքներ՝ հուշարձանների փաստացի վիճակն ուսումնասիրելու, վնասներն արձանագրելու և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցները գնահատելու նպատակով։
Հրապարակել մասնագիտական գնահատականներ և փաստագրված տվյալներ՝ արձանագրված ոչնչացման, վնասման, յուրացման և պատմական ինքնության խեղաթյուրման դեպքերի վերաբերյալ։
Ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ և պաշտպանական միջոցներ՝ միջազգային իրավունքի և համապատասխան կառույցների իրավասությունների շրջանակում՝ մշակութային ժառանգության հետագա կորուստները բացառելու համար։
Ապահովել իրավական գնահատականների և պատասխանատվության հարցի պատշաճ քննությունը՝ մշակութային ժառանգության դեմ կատարված գործողությունների վերաբերյալ՝ կիրառելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Հրապարակայնորեն ներկայացնել ձեռնարկված քայլերի և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ ապահովելով միջազգային կառույցների գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։
Միջազգային կառույցների հեղինակությունը պետք է չափվի ոչ թե հայտարարությունների քանակով, այլ՝ կանխված վանդալիզմի դեպքերով, պահպանված հուշարձաններով և ապահովված պատասխանատվությամբ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը շարունակելու է հետևողականորեն փաստագրել Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող գործողությունները՝ այդ նպատակով օգտվելով նաև ոլորտային մասնագիտացված կառույցների և փորձագետների հրապարակումներից, գիտական ու ակադեմիական հետազոտություններից, ինչպես նաև առկա փաստագրական և վերլուծական նյութերից։ Հավաքագրված և ուսումնասիրված տվյալները կներկայացվեն միջազգային կառույցներին՝ պահանջելով դրանց պատշաճ ուսումնասիրություն, համարժեք և հետևողական արձագանք, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված հստակ, արդյունավետ և գործնական քայլերի իրականացում։
Մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրական նշանակությունը դրսևորվում է ոչ թե միայն դրանց հրապարակային վերահաստատմամբ, այլև դրանց հետևողական կատարմամբ։
Հետևաբար, անհրաժեշտ է ոչ միայն արձանագրել ստեղծված իրավիճակը, այլև հստակ գնահատել ձեռնարկված միջոցների արդյունավետությունը և բացահայտել այն բացերը, որոնք թույլ են տալիս շարունակվել մշակութային արժեքների նկատմամբ իրականացվող վնասաբեր գործողություններին։
Պատմական հիշողության ոչնչացումը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը
Մշակութային ժառանգության պաշտպանությունը պահանջում է ոչ միայն խոստումներ, այլև գործողություններ, ոչ միայն մտահոգություն, այլև պատասխանատվություն։ Լռությունը չի փրկում հուշարձանները, իսկ ուշացած արձագանքը չի կարող վերադարձնել անդառնալիորեն կորցրած պատմական արժեքները։
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը միջազգային հանրության պարտավորությունն է, իսկ դրա պահպանությունը՝ պատմության, արդարության և ապագա սերունդների առջև պատասխանատվություն»,- նշված է գրասենյակի հայտարարության մեջ։
